
Թամանյանական նախագծից մինչև այսօրվա Երևան
Ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի հետ զրուցել ենք Երևանի հին և նոր հատակագծերի, քաղաքի թամանյանական նախագծի, օրեցօր ավելացող շենքերի, Երևանի ընդլայնման հետևանքով առաջացող խնդիրների և Կասկադի ավարտուն տեսքի ձևավորման նախագծերի մասին։
Այսօր մեր հյուրը ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանն է։ Պարոն Բալյան, վերջերս սկսեց քննարկվել Երեւանի նոր գլխավոր հատակագիծը։ Երեւանի քաղաքապետարանն առաջարկել էր տարբերակ, որն ավագանու նիստում հաստատվեց։ Ուզում էի ձեր կարծիքն իմանալ այս հատակագծի վերաբերյալ, ի՞նչ դիտարկումներ ունեք։
Ես ծանոթ չեմ հատակագծին եւ կարծում եմ, որ քիչ մասնագետներ են ծանոթ։ Որտե՞ղ պետք է ծանոթանայինք։ Բայց ես լսել եմ «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենին, այսինքն մի մարդու, որը որ անմիջական կապ ունի հատակագծի կազմման հետ, նրա հարցազրույցը մանրամասնորեն եւ ուշադիր։ Ես լսեցի նրա բացատրությունները և պիտի ասեմ՝ դա մի փաստաթուղթ է, որը թույլ է տալիս շարունակել կառուցապատումը։ Կային օրենսդրական խնդիրներ, քանի որ հին հատակագիծը կորցրել էր իր ուժը՝ ժամկետը լրանալու պատճառով, եւ սա փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս շարունակել գործունեությունը քաղաքում, այսինքն՝ նոր-նոր կառուցապատումներ իրականացնել։ Բայց սա գլխավոր հատակագիծ է կամ մաստեր պլան, ինչպես այսօր ընդունված է անվանել, սա միանգամայն այլ բնույթի փաստաթուղթ է, սա գաղափարական փաստաթուղթ է։
Ձեզ կամ այլ ճարտարապետների, տեսաբանների, քաղաքային պլանավորողների հետ քննարկումներ չե՞ն անցկացվել։
Ես չգիտեմ՝ ում հետ ինչ է անցկացվել, ես մասնակից չեմ եղել։
Դուք, վստահ եմ, ծանոթ եք քաղաքի թամանյանական նախագծին։ Ուզում էի իմանալ, Ձեր կարծիքով շա՞տ են շեղումները հիմնական թամանյանական նախագծից նոր նախագիծը կազմելուց հետո։
Հետաքրքիր հարց է։ Կարծում եմ՝ դրանք մեկը մյուսի հետ որեւէ կապ չունեցող բաներ են։ Թամանյանական նախագծին, իհարկե, ես լավ ծանոթ եմ, քանի որ պատմաբան եմ, ճարտարապետության պատմության 20-րդ դարի ուսումնասիրող եւ ինձ համար ամենահետաքրքիր թեմաներից մեկն է Թամանյանի գլխավոր հատակագիծը։ Ես, պետք է ասեմ, որ ինչ որ մնացել է Թամանյանի հատակագծից սա այն է, ինչի մեջ մենք ապրում ենք հիմա։ Տվյալ դեպքում մենք էստեղ ձեզ հետ հանդիպում ենք, սա գլխավոր պողոտան է քաղաքի։ Գլխավոր թեզերից մեկը ընդհանրապես, հիմնական թեզը Թամանյանի հատակագծի, դա հայոց պետականության վերականգնումն էր, այսինքն՝ նոր մայրաքաղաք, նոր պետության մեջ։ Եվ սա նաեւ կարեւոր է այն իմաստով հասկանալ, որ հատակագիծը Թամանյանին պատվիրել են ստեղծել Առաջին հանրապետության տարիներին 1919 թ.-ին, երբ Թամանյանին հրավիրել են Հայաստան Պետերբուրգից եւ հաստատվել է հատակագիծը 1924 թվականի ապրիլի 3-ին արդեն խորհրդային իշխանությունների կողմից։ Բայց այս հանգամանքը կարեւոր է նշել այն իմաստով, որ հատակագծի գաղափարական կողմը ծնվել է անկախության տարիներին, անկախ Հայաստանի վերականգնած, վերաստեղծված պետականության, այդ պահին։ Սա էր նպատակը, եւ քաղաք, որը նախագծել էր Թամանյանը՝ բացված դեպի Արարատ, դեպի Մասիս եւ դեպի ամբողջ մեր պատմական տարածքները։ Այդ գլխավոր թեզին են ենթարկվում նաեւ Թամանյանի այն հիմնական լուծումները, որոնք որ կազմում են իմաստը, ոնց որ ասացի՝ գլխավոր հատակագիծը, դա գաղափարական փաստաթուղթ է, եւ Թամանյանի մոտ այդ գաղափարը՝ բացվելը դեպի Արարատ եւ դեպի պատմական հայկական աշխարհ։ Մայրաքաղաքի իմաստը միասնություն ստեղծելն էր, եւ դա դրա լուծումներն էին։ Այդ առանցքը Օպերային թատրոնից, որը ինքը ուղղակի կոչում էր թատրոն, դեպի կառավարական շենք, այսինքն՝ 2 հիմնական դոմինանտները քաղաքի, որոնք պետք է ճախրեին ոչ բարձր կառուցապատման վրա եւ հյուսիս-հարավ առանցքի միջոցով դա պետք է բացվեր դեպի Արարատ։ Այս մյուս գաղափարները, որոնք ստացան կոնկրետ լուծումներ, դա իդեալական քաղաքի ձեւ տված այդ կլոր հատակագիծն էր, Օղակաձեւ զբոսայգին, որը հետո իրականացվեց վերջնականապես 60-ական թվականներին եւ գլխավոր պողոտան, որի մասին ասացի, որը որ հատում էր տրամագիծը։ Տրամագիծն է այդ կլոր օղակի եւ հատվում է հրապարակի հանգույցում, հատվում է հյուսիս-հարավ առանցքի հետ։ Այս բոլոր գաղափարները սկզբից ստալինյան տոտալիտարիզմի տարիներին չեղարկվեցին առաջին հերթին այդ բացված լինելը դեպի Արարատ, դեպի պատմական, դեպի այսինքն՝ որպես ազգայնականություն, նացիոնալիզմ, դա գնահատվեց Թամանյանի կողմից, ինքը մեղադրվեց դրանում արդեն հետմահու եւ չեղարկվեց, ուրեմն այդ առանցքը նաեւ հետո՝ արդեն մեր օրերում, չեղարկվեցին գլխավոր պողոտայի գաղափարը, որը սկսեց կառուցապատվել, Օղակաձեւ զբոսայգու գաղափարը, որը եւս սկսեց կառուցապատվել։
Ինձ ուղղեք, եթե կսխալվեմ․ Թամանյանը նախագծել էր քաղաքը ավելի փոքր բնակչության համար, մոտ 700000 բնակչության համար, բայց չե՞ք կարծում, որ Թամանյանը մտածած կլիներ ընդլայնելու մասին քաղաքը, այսինքն այնպես նախագծած կլիներ, որ ընդլայնելու հնարավորություն ամեն դեպքում ունենար քաղաքը, որովհետեւ կարծում եմ՝ պատկերացնում էր, որ այդ քաղաքը մեծանալու է, բնակչությունը շատանալու է, քանի որ որպես մայրաքաղաք էր նախատեսում Երեւանը։
Թամանյանը, որպես ցանկացած մի ճարտարապետ, այն էլ այդ մասշտաբի ճարտարապետ, հասկանում էր, որ քաղաքները աճում են, դա բնական է, Թամանյանը նախագծել է ոչ 700 հազարի համար։ Սկզբնական քաղաքը, որ նա նախագծել է, եղել է այն 1924 թվականի հաստատած նախագիծը, եղել է 150,000 բնակչի համար, երբ Երեւանում այդ պահին ապրում էր մոտավորապես 60,000 բնակիչ։ Այսինքն երկուսուկես անգամ պետք է ավելանար քաղաքի բնակչության թիվը, բայց այն մասշտաբը, որը հաղորդում էր Թամանյանը իր հրապարակներին, նախ եւ առաջ եւ ընդհանրապես կառույցներին՝ 100 մետրանոց գլխավոր պողոտային, 100 մ լայնքի գլխավոր պողոտային եւ 2 կմ ավել երկարություն ունեցող, սա, իհարկե, այլ մասշտաբի քաղաք էր, եւ Թամանյանը մտովի ամբողջ այս հայության մայրաքաղաքն էր նախագծում եւ նկատի ուներ նաեւ այն գաղափարները, որոնց նա սովոր էր, որոնք նա տեսել էր, այն ֆորմաները, որոնք նա տեսել էր Պետերբուրգում, այսինքն՝ Մեծ կայսրության մեծ նոր մայրաքաղաք եւ Պետերբուրգի գաղափարը էստեղ կարեւոր է այն իմաստով, որ ոնց որ նա կառուցվեց նոր Ռուսաստանի համար Պետրոսի օրոք, երբ որ Ռուսաստանը ճանապարհ բռնեց եվրոպական, էսպես ասած պետություն դառնալու եւ Պետերբուրգը եվրոպական մայրաքաղաք պետք է լիներ եւ եղավ, եւ մինչեւ հիմա էլ նա առանձնանում է իր, էսպես ասած, եվրոպական կեցվածքով եւ իր պատկերներով նույնպես էսպիսի մասշտաբի քաղաք էր պատկերացնում Հայաստանի համար Թամանյանը շատ ավելի մեծ, քան 150,000 բնակչի համար։ Թամանյանի օրոք արդեն բնակչությունը արագ սկսեց աճել, որը բնական էր, քանի որ մայրաքաղաքը շատ ձգող, էսպես ասած մի ուժ ուներ, եւ արդեն իր կյանքի օրոք նրան պատվիրեցին նոր մայրաքաղաք, նոր հատակագիծ ստեղծել 100,000 բնակիչների համար։ 700 հազարի Երեւանի բնակչությունը հասավ 60-ական թվականների 2-րդ կեսին։
Նկատի ունեմ, հնարավոր չէ վերցնել թամանյանական նախագիծը՝ Երեւանի գլխավոր հատակագծի եւ դրա հիմքի վրա ավելի մեծ, մեծաքանակ բնակչության համար նախագծել քաղաքը։
Դուք ուզում եք՝ մենք ստուդիայում քաղաք նախագծե՞նք։ Սա հրաշալի ձեւով արեց ստալինյան լագերներից վերադարձած Միքայել Մազմանյանը, որը մասշտաբով Թամանյանի, էսպես ասած, հավասար ճարտարապետ էր, մեծություն էր, երբ որ նա ստեղծեց 1971 թվականի հատակագիծը, որի վրա աշխատեց ուղիղ 10 տարի՝ 1961-ից մինչեւ 1971 թիվը։ 1971 թվին հաստատվեց հատակագիծը, եւ Մազմանյանը հենց էդպես էլ վարվեց, ոնց որ դուք ասում եք, միայն թե նա կոչվում էր արեւածաղիկ, այդ նախագիծը ուներ արեւածաղկի ձեւ, նրա կենտրոնում կենտրոնական այն հանգույցը հա արեւածաղկի, դա թամանյանական քաղաքն էր եւ դրա շուրջ 8 տարբեր տերեւներ հավաքվեցին, որոնք որ իրականում այսօրվա Երեւանն են, մեր մի Նորքի մասի էսպես էն Դավիթաշեն, էդ բոլոր էդ հանգույցները նախագծվել են վաթսունական թվականներին Մազմանյանի ղեկավարությամբ։
Պարոն Բալյան, երբ նայում էի նոր հաստատված հատակագիծը Երեւանի, էնտեղ պատմամշակութային կոթողները պահպանելու հետ կապված որեւէ կոնկրետ ռազմավարություն գրված չէր։ Ճիշտ է՝ գրված էր, որ պետք է պահպանվեն բոլոր պատմամշակութային վայրերը՝ Թեյշեբայինի Կարմիր բլուրը, Կոնդը, բայց կոնկրետ ռազմավարություն չկար, դուք ի՞նչ ռազմավարություն կառաջարկեիք այս պատմամշակութային վայրերը պահպանելու համար, որը ճիշտ կլիներ որդեգրել։
Դրա մասին ակնարկ եղավ այդ հարցազրույցի ժամանակ Երեւան նախագծի տնօրենից, այդպես եմ հիշում։ Ես ինքս իմ գործունեությունը ճարտարապետության ասպարեզում էդ գիտական թեզը պաշտպանելուց հետո, երբ որ վերադարձա Մոսկվայից, որը նվիրված էր մինչեւ ժամանակակից ճարտարապետությանը, այսինքն թամանյանական ճարտարապետությանը եւ նրանից հետո մյուս ժամանակահատվածներին, ես աշխատել եմ հուշարձանների պահպանության վարչությունում, որը այն ժամանակ շատ մեծ հիմնարկ էր եւ մեծագույն նշանակություն էր տրվում հուշարձանների պահպանության խնդրին, պետք է ասեմ, որ այդ ժամանակ միայն 2 խորհրդային հանրապետություններում՝ Հայաստանում եւ Վրաստանում, հուշարձանների պահպանության գործը բարձրացվեց այն աստիճանի, որ առանձին գերատեսչություն ստեղծվեց՝ նախարարության իրավունքներով։ Գլխավոր վարչություն էր կոչվում՝ Կառավարությանը կից, բայց նախարարության, փաստացի էսպես իրավունքներ ուներ, որը ուներ նախագծային հիմնարկ, ուներ շինարարական վերանորոգման էսպես հաստատություններ, էն ժամանակ մի խումբ մեծ ստվար խումբ ռեստավրատորներ, վերանորոգողներ շատ ակտիվ աշխատում էին այդ հիմնարկներում եւ էսօր փաստորեն նրանցից, ովքեր որ մինչեւ էսօր դեռ շարունակում են աշխատել քչերը, բայց նրանք են, որ հիմնական էս մեր փորձված մասնագետներն են, իսկ ես ինքս զբաղվում էի, ղեկավարում էի մի մեծ բաժին, որը կոչվում էր հուշարձանների համահավաքի եւ պասպորտավորում, էդպես էր բառը, այսինքն՝ մենք հայտնաբերում էինք հուշարձաններ, դրանք ցուցակներով էին, էսպես ասած՝ ցուցակում ցուցակագրվում էին, ընդ որում, այդ գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս էր։ Արցախի հուշարձանները, Ջավախքի հուշարձանները, Ադրբեջանի տարածքների հայ նախկին հայկական, այսպես ասենք, հայաբնակ տարածքներում գտնվող մեր հայկական հուշարձանները բոլորը ուսումնասիրվում եւ ցուցակագրվում էին եւ դրանք բոլորը, էդ ամեն ինչը կա արխիվում եւ ստեղծվեց մի մեծ ցուցակ նաեւ Երեւանի համար, ահռելի մի ցուցակ էր, որտեղ կային եւ հնագույն շրջանից, էսպես ասած՝ Շենգավիթից սկսած մինչեւ ուրարտական շրջան եւ միջհելլինիզմ, որը որ էսօր ակտուալ է, նկատի ունեմ, որ Անահիտի արձանի էս գլուխն ու ձեռքերը ցուցադրվում են Պատմության թանգարանում եւ միջնադար, նոր ժամանակներ եւ խորհրդային շրջանի ճարտարապետությունը, ընդ որում, մեծ ուշադրություն էր դարձվում մինչ թամանյանական ժամանակաշրջանին, որից բավականին դեռ պահպանված շինություններ կային, եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, 160, 71 առանձին կառույց էսօր երեւի 17 է մնացել, եւ նաեւ խորհրդային ժամանակաշրջանի շատ կառույցներ, որոնք եւս քանդվեցին, դրանք մտնում էին էդ ցուցակի մեջ։ 2 հազարական թվականների սկզբին այդ ցուցակները, էսպես ասած, էկվեստրի ենթարկվեցին, այսինքն խիստ պակասեցվեց դրանց թիվը եւ սկսվեց էդ հուշարձանների եւ որոնք որ կազմում են վերջիվերջո քաղաքի միջավայրը, դրանց քանդման պրոցեսը, որին մենք ականատես ենք, իսկ այս փաստաթղթում ինչ կարգավիճակում է դա, ես չգիտեմ, բայց, ըստ երեւույթին, ընդամենը ուշադրությունը դարձված է հնագույն ժամանակաշրջանին, մինչդեռ եթե խոսում ենք նորից վերադառնանք Թամանյանի քաղաքին, ապա դա բազմաթիվ շինություններ են, որոնք որ գուցե առանձին հուշարձաններ չեն, բայց ամբողջությամբ կազմում են այդ միջավայրը, այդ տուֆակերտ, այդ թամանյանական միջավայրը նաեւ դրանից հետո շատ հետաքրքիր մոդեռնիստական շրջան է, որը էսօր արդեն աշխարհում մեծ հետաքրքրություն է առաջացնում, եւ մենք ականատես ենք, որ այդ շենքերը օր օրի վրա աղավաղվում են, քանդվում են, ոչնչանում են կամ էդ ոչնչացման վտանգի տակ են, ընդ որում դրանցից լավագույնները։
Պարոն Բալյան, Երեւանում վերջին տարիներից սկսած մեծ տեմպերով շինարարությունը շարունակվում է, եւ անընդհատ մենք տեսնում ենք՝ նոր շենքեր են կառուցվում, նոր շինթույլտվություններ են տրամադրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ են վտանգավոր այս շինարարության մեծ ծավալները, արդյոք դա վտանգ պարունակու՞մ է քաղաքի համար եւ սեյսմիկ առումով, եւ պատմամշակութային ամբողջ քաղաքի տեսքի աղավաղման առումով։
Կարծես նոր հենց դրա մասին խոսեցինք, որ քաղաքի միջավայրը աղավաղում է, եւ ընդհանրապես, պետք է շատ ուշադիր լինել քաղաքին։ Այդ մեծ ծավալի շինարարությունը տարբեր ասպեկտներ ունի։ Ես հույս ունեմ, որ սեյսմիկ առումով դրանք առնվազն ապահով են, հաշվարկված են։ Ես վստահ եմ մեր ինժեներների վրա եւ հույս ունեմ, որ նաեւ շինարարները եւս բարեխիղճ են, ընդ որում, պետք է ասել, որ որակը շինարարության որոշ չափով բարձրացել է, բայց դե մենք բոլորս պիտի հիշենք աղետալի երկրաշարժի հետեւանքները։ Բայց էստեղ լուրջ խնդիրներ կան, էկոլոգիական լուրջ խնդիրներ կան, խտության, տրանսպորտային կոլապսը մենք տեսնում ենք ամեն օր, եւ նաեւ ես կասեի՝ էստեղ լուրջ քաղաքական խնդիր է, քանի որ Երեւանը ոնց որ էսպես ներս է քաշում, այն բնակչությունը, մեր երկրի բնակչությունը մեծ չէ, մեր քաղաքը գերմեծ է այսպիսի փոքր բնակչություն եւ տարածք ունեցող երկրի համար, իհարկե, գերադասելի կլիներ, որ Երեւանի բնակչությունը մնար 500-600 հազարի սահմաններում, որը այսօր արդեն մոտավորապես երկուսուկես, նույնիսկ 3 անգամ տենդենց ունի մեծանալու, եւ որ չի մեծանում, երբ մենք ունենայինք 8-10 միլիոնանոց, իհարկե երկիր, որտեղ լինեին քաղաքներ 300,000 արդեն աղետից առաջ Լենինականը 300,000-ին էր մոտենում, այսօր 100,000-ից շատ ավելի քիչ է։ Նույնը Վանաձորը՝ նախկին Կիրովականը, որը եւս 100,000-150,000 բնակչություն ուներ, էսօր չնչին մի փոքրիկ, էսպես ասած բնակավայր է, մեր էլ չեմ ասում սահմանամերձ տարածքները, որոնք որ բնակչությունից դատարկվում են, եւ սա լուրջ խնդիր է։ Ես կարծում եմ՝ Երեւանը պատասխանատու է նաեւ ամբողջ Հայաստանի համար։
Պարոն Բալյան, վերջին շրջանում էլի լայն քննարկման արժանացավ Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նոր նախագիծը։ 2 տարբերակ էր քննարկվում, մարդիկ կային նաեւ, որ առաջարկում էին այդ տարբերակներից որեւէ մեկը չընտրել եւ Ջիմ Թորոսյանի նախագիծը շարունակել եւ ավարտին հասցնել։ Ուզում էի ձեր տեսակետն իմանալ Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագծերի հետ կապված։
Շատ հստակ է իմ տեսակետը, ես մասնակցում եմ էդ պրոցեսներին՝ քննարկման եւ Կասկադի ավարտման հետ կապված միանշանակ է իմ մոտեցումը՝ Կասկադը պետք է ավարտվի ըստ իրեն, ըստ հեղինակային լուծման նախագծի Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի կողմից նախագծված։
Դուք ձեր տեսակետները քաղաքային իշխանություններին փոխանցե՞լ եք այդ հարցի մասին։
Դուք գերագնահատու՞մ եք իմ դերը։ Ես կապ չունեմ քաղաքային իշխանությունների հետ եւ չեմ կարող ունենալ, ինչպես պետք է դա անեմ էլի։ Ես չեմ պատկերացնում, ես հասարակական քննարկման այդ հարթակներում իմ կարծիքը հայտնել եմ կամ էսպես մեդիաներում, ոնց որ էսօր մենք ձեզ հետ զրուցում ենք։
Շնորհակալ եմ շատ, պարոն Բալյան հետաքրքիր հարցազրույցի համար։
Մեկնաբանել