HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանցիները, աշխատանք փնտրելով, հասնում են մինչև Երևան

Հրազդանի բնակիչ տիկին Օֆելյան քաղաքի կենտրոնում հագուստի խանութ ունի։ Արդեն կեսօր է, սակայն ընդամենը մեկ տաբատ է վաճառել։ Նրա փոքր բիզնեսը ճգնաժամի մեջ է։ Դժգոհում է, որ մարդիկ սկսել են քիչ առևտուր անել։ Մի կողմից բնակչության եկամուտները թույլ չեն տալիս ակտիվ առևտուր անել, մյուս կողմից՝ մարդիկ ձգտում են առցանց առևտրին։ Առևտրի առցանց հարթակների զարգացումը ազդել է փոքր և միջին խանութների վրա, որոնց վաճառած ապրանքները մրցունակ չեն, իսկ գնորդները համացանցով ավելի մեծ ընտրության հնարավորություն ունեն, գներն էլ համատաբար մատչելի են։

«Մեր ներմուծած ապրանքների մաքսատուրքերն էլ բարձր են, ազդում են գնի վրա, շատ դժգոհ ենք։ Գնալով անկում ենք ապրում։ Վարկեր, վարկեր, վարկեր ... Կարելի է նույնիսկ փակել խանութը»,- դժգոհում է տիկին Օֆելյան։

Հրազդանի անցուցադարձին քաջատեղյակ կնոջ խոսքով՝ թեև Հրազդանի բնակիչներից գնում են Ծաղկաձոր քաղաքում աշխատելու, սակայն նրանց եկամուտները ևս մեծ չեն։

Երբեմնի արդյունաբերական և արագ զարգացող Հրազդանի բնակիչներն աշխատանք գտնելու համար այսօր հասնում են մինչև Երևան։

Բնակչության մի մասն, իհարկե, աշխատում է գործող մի քանի ձեռնարկությունում, որոնք խորհրդային տարիներին են հիմնադրվել՝ «Հրազդանի ՋԷԿ»-ը, «Հրազդան ցեմենտ»-ը, ջերմոցային տնտեսություններ և այլն։ Պետական և համայնքային կառույցներն էլ որոշակի աշխատատեղեր են ապահովում։

Չնայած դրան՝ բարեկեցիկ կենսակերպի ձգտումը մարդկանց ստիպում է ամեն օր տասնյակ կիլոմետրեր անցնել, ողջ օրն աշխատել և կրկին վերադառնալ Հրազդան։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հրազդանում մոտ 5000 արցախցի է բնակություն հաստատել։ Քաղաքի կենտրոնական մասում՝ զբոսայգի–ճեմուղում, հանդիպեցինք խմբով նստած և ժամանակ անցկացնող տղամարդկանց։ Երեքն էլ Արցախից բռնի տեղահանված էին։

Նրանցից ավագը, որն ութ հոգանոց ընտանիքով է տեղափոխվել Հրազդան, կսկիծով, բայց հպարտությամբ է ասում, որ երեք տղաներն էլ արագ աշխատանք են գտել Հրազդանի ԳՐԷՍ-ում, քանի որ զոդման լավ մասնագետներ են, աշխատավարձից դժգոհ չեն, բայց առօրյա ծախսերն էլ շատ են։

«Ծերը ծերին հասցնում ենք»,- ասում է արցախցին։

Մեր զրուցակիցներից մյուսի որդին էլ, աշխատանք փնտրելով, հասել է Երևան։ Չարբախ թաղամասի ռեստորաններից մեկում է աշխատում, խորոված է պատրաստում։ Թոռն էլ վերջերս է աշխատանքի անցել Հրազդանի թաղամասերից մեկում գործող եվրոպական արտադրության դռների և պատուհանների արտադրամասում։

Զբոսայգուն զուգահեռ անկանոն կառուցված հասարակական տարածքներում խանութներ են, հացաբուլկեղենի արտադրամաս, սննդի և սպասարկման կետեր։ Հացաբուլկեղենի արտադրությունը կազմակերպող տղամարդը, չնկարահանվելու պայմանով, սկսեց դժգոհել, որ թափուր աշխատատեղեր ունի, բայց աշխատող չի գտնում։ Բերում է սեփական օրինակը, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղից է եկել Հրազդան, աշխատում է, բայց տեղացիները չեն ցանկանում աշխատել։ 

Հետո ինքն իր բարձրացրած խնդրի պատճառն է բացատրում։ «Հնարավոր է, որ գնում են նաև Երևան՝ աշխատանքի, այդպես ավելի է ձեռք տալիս։ Մի մասն էլ, հիմա հատապտղի սեզոնն է, մալինայի դաշտերում են։ Օրը 10 հազար դրամ փող են տալիս՝ աշխատեն-չաշխատեն։ Բայց չեն ասում, որ այս աշխատանքը (նկատի ունի հացաբուլկեղենի արտադրամասը) ամբողջ տարի է։ Օրը 6 հազար դրամ աշխատավարձով»,- նշում է մեր զրուցակիցը։

Հրազդանի կենտրոնում աշխատանքային օրով էական աշխուժություն չէր նկատվում։ 

Լուսանկարներն արվել են 02.07.2024-ին

Հրազդանցիներից շատերն այսօր աշխատում են Երևանում, Ծաղկաձորում, Աբովյանում, Չարեցավանում և այլն։ Համայնքում գործում են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ։

Հրազդանի համայնքապետարանի տվյալներով՝ համայնքի խոշոր կազմակերպություններ են «Հրազդան ցեմենտ»-ը, մարտական մեքենաների վերանորոգմամբ զբաղվող «Պատնեշ» ՓԲԸ-ն («Հրազդանմաշ»-ի իրավահաջորդը), ջերմոցային տնտեսություն «Գրին Ֆարմեր» ԲԲԸ-ն, «Հրազդան ՋԷԿ-ը» և պահածոների արտադրությամբ զբաղվող «Վիլ Ֆուդ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները նաև Հայաստանի խոշոր հարկատուների կազմում են ընդգրկված։

Հրազդանը Կոտայքի մարզկենտրոնն է։ Խոշորացումից հետո համայնքը ընդգրկում է նաև հարակից 4 բնակավայրերը` Լեռնանիստը, Ջրառատը, Սոլակն ու Քաղսին։

Ըստ մարդահամարի՝ 2022 թվականի դրությամբ Հրազդան համայնքում, այսինքն՝ Հրազդան քաղաքում և վերը նշված չորս գյուղերում, մշտական բնակչության թիվը 52 283 է։  Վերջին երկու տասնամյակում այն կրճատվել է 8825-ով կամ 14%-ով։

2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո և մեծապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանումից հետո Հայաստան եկած արցախցիների մի մասն էլ հաստատվել է Հրազդանում։ Ըստ Հրազդանի քաղաքապետարանի՝ այսօրվա դրությամբ, փաստացի, Հրազդանում 58 հազար մարդ է բնակվում. նրանց մի մասը հաշվառված չէ Հրազդանում։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հրազդանում գրանցված կազմակերպություններում և պետական հիմնարկներում այս տարվա սեպտեմբերի դրությամբ 6991 աշխատատեղ կա, որից 2054-ը՝ պետական հատվածում, 4937-ը՝ մասնավոր հատվածում։ Այստեղ հաշվարկված չէ այն կազմակերպությունների աշխատակիցների թիվը, որոնք գրանցված են մեկ այլ համայնքում, սակայն փաստացի գործունեություն են ծավալում Հրազդանում։

Համեմատության համար՝ նույն մարզի Աբովյան համայնքում 11492 գրանցված աշխախատեղ կա, որից 2187-ը, մասնավոր հատվածում՝ 9305։ 

Զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորի աշխուժությունն ասես շրջանցում է Հրազդանը։ Թեև քաղաքները իրար մոտ են գտնվում, սակայն Հրազդանում սոցիալ-տնտեսական կյանքն անհամեմատ ավելի պասիվ է։

Կոտայքի մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Կոտայքը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Հրազդանում է գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որում գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրություն (մասնավորապես` ցեմենտի):

2023 թվականին Կոտայքի մարզն ապահովել է Հայաստանի ողջ արդյունաբերության 13%-ը։ 

Մարզում գործում են նաև մասնագիտացված թռչնաֆաբրիկաներ։

Կոտայքի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան-Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում, այդ թվում՝ Կոտայքի մարզում և մասնավորապես Հրազդանում արդյունաբերությունը զարգացած էր, բնակիչների մեծ մասն աշխատում էր իր համայնքում։ Այսօր այդ գործարաններից մեծ մասի պարագայում միայն կիսափլված շենքերն են մնացել։

«Եթե առաջվա նման ֆաբրիկաներ ու գործարաններ աշխատեին, տեքստիլի արտադրամասն աշխատեր, «Հրազդանմաշ»-ն աշխատեր, ժողովուրդը կմնար այստեղ։ Ինչու՞ պետք է այլ քաղաքներ կամ արտերկիր գնային։ Լավ կյանքի՞ց են գնում»,- մտորում է տիկին Օֆելյան, որը առևտուր չլինելու պատճառով պարապ կանգնած էր խանութի դռան առջև։

Հրազդանի խոշոր գործարաններից մեկը ժամանակին եղել է «Շուշան» ռադիոբաղադրիչների գործարանը, որի մասին թերթերում գրեթե չի գրվել։ Գործարանը ժամանակին արտադրել է ռազմական տեխնիկայի դետալներ և ուղարկել Ռուսաստան. այդ ամենն արվել է գաղտնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter