Ռուսական զորքերը ավիառումբերով հարվածել են Խարկովին. կա ավելի քան 20 տուժած
Ռուսական բանակն ավիացիոն ռումբերով հարվածել է Խարկովի Շևչենկովյան շրջանին և քաղաքի արվարձանային հատվածին: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ազգային ոստիկանությունից։
Զինամթերքից մեկն ընկել է բազմաբնակարան շենքի շքամուտքի մոտ։ Շենքից տարհանվել է 68 մարդ։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ վիրավորվել է 21 մարդ։ Ոստիկանությունում հստակեցրել են, որ տուժածների թվում 3 անչափահաս կա՝ 8-ամյա երեխա և 17-ամյա երկու դեռահաս։
Սինեգուբովը հավելել է, որ հարվածների հետևանքով ավերվել է բազմաբնակարան երկու շենք, ևս յոթ շենք էլ վնասվել է։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերից հայտնել են, որ սեպտեմբերի 22-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել են Shahed տեսակի 80 անօդաչու թռչող սարք և X-59/69 տեսակի կառավարվող ավիացիոն երկու հրթիռ։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 71 անօդաչու։ Հակաօդային պաշտպանությունն աշխատել է Խմելնիցկու, Վինիցայի, Չերկասիի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խերսոնի և Նիկոլաևի մարզերում։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ազգային ոստիկանության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել