HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. հայկական կողմը բացատրություններ է պահանջում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում։ Ընդ որում դա կապված է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջինիս գրառման հետ։ Քննադատության հիմնական պատճառն իր հոդվածն է, որտեղ Լամին գրել է, որ նախորդ տարի Ադրբեջանին «հաջողվել է ազատագրել 90-ականների սկզբին իր կորցրած տարածքները»։ Հայկական կողմն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել։

Ինչպես փոխանցում է The Daily Telegraph-ը, այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին այս նախադասությունը հայտնվեց Լամիի Substack-ի բլոգում, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է պահանջել, թե արդյոք փոխվել է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ նախարարի կողմից արծարծված թեմայի վերաբերյալ: Այդուհանդերձ, դեսպանությունը պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս մասով։

Պահպանողականների ստվերային կառավարությունում «արտաքին գործերի նախարարի տեղակալ» Ալիշա Քիրնսը ևս պահանջել է անհապաղ պարզաբանել, թե արդյոք տեղի է ունեցել «Միացյալ Թագավորության դիրքորոշման և հայտարարությունների տոնայնության էական փոփոխություն»:

Բացի այդ, նա ընդգծել է, որ այն հայտարարությունները, որոնք «հակասում են Մեծ Բրիտանիայում հաստատված քաղաքականությանը», բոլորովին անտեղի է անձնական բլոգում քննարկելը և «կասկածի տակ են դնում նախարարի խոհեմությունը»: Նյու Յորքի Սուրբ Հովհաննես համալսարանի պրոֆեսոր Մարկ Մովսեսյանը բրիտանացի նախարարի այս արտահայտությունը «շոկային անսիրտ և անգրագետ» է անվանել։

Մեծ Բրիտանիայի արտաքին նախարարությունը պաշտոնապես պատասխանել է The Daily Telegraph-ի այն հարցին, թե արդյոք Լամիի խոսքերը վկայում են, որ Լոնդոնի պաշտոնական դիրքորոշման մեջ փոփոխություն կա։ «Միացյալ Թագավորությունն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Մենք երկու կողմերին կառուցողական երկխոսության կոչ ենք անում և կշարունակենք աջակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու նրանց ձգտմանը»,- ասվում է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի մեջ։

The Daily Telegraph-ի սյունակագիր Մայքլ Մոսբահերն իր սյունակում գրում է, որ Լամիի այս արտահայտությունը վկայում է այն մասին, որ ԱԳՆ ներկայիս ղեկավարը «ստեղծված չէ դիվանագիտական աշխատանքի համար»։ Սյունակագիրը նաև փաստում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, օգտագործելով այդ արտահայտությունը, մոռացել է մատնանշել նաև 120 000 էթնիկ հայերի տեղահանությունն իր տնից։ 

Մոսբահերը նաև նշում է, որ նման հայտարարությունները խոչընդոտում են Արևմուտքի երկրների հետ Հայաստանի մերձեցմանը, իսկ բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պետք է շահագրգռված լինի Ռուսաստանի հետ «առճակատման դաշնակից» ձեռք բերելու հարցում: 

Լուսանկարը՝ Sky News-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter