HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը նեղսրտել է, որ ԱՄՆ հրեաները ցանկանում են քվեարկել Քամալա Հարիսի օգտին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հրեա ժողովուրդը անմիջական կապ կունենա» ընտրություններում իր հնարավոր պարտության հետ: The New York Times-ի փոխանցմամբ՝ Թրամփը նման հայտարարություն արել է Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ։

«Չնայած այն ամենին, ինչ ես արել եմ Իսրայելի համար, ես ստացել եմ ամերիկացի հրեաների ձայների ընդամենը 24%-ը: Ինձ հետ իսկապես լավ չեն վարվել, բայց դա իմ կյանքի պատմությունն է»,- նեղսրտել է Թրամփը։ 

Նրա խոսքով՝ Դեմոկրատական կուսակցության անդամները «անիծում են» ամերիկյան հրեաներին, իսկ նրանք քվեարկում են «թշնամու օգտին»։ Թրամփը կարծում է, որ ընտրությունների ժամանակ իր պարտությունը «կհանգեցնի Իսրայելի կործանմանը»։ 

Հանրապետական թեկնածուն հավելել է, որ ինքը պետք է ստանա «հրեաների ձայների 100 տոկոսը»՝ Իսրայելի նկատմամբ իր քաղաքականության շնորհիվ:

2022 թվականի վերջի դրությամբ՝ Միացյալ Նահանգների բնակչությունը կազմում էր 333,2 միլիոն մարդ։ Հրեաները ԱՄՆ բնակիչների ընդհանուր թվի 2%-ից մի փոքր ավելի են և, ըստ The New York Times-ի, համարվում են քաղաքական տեսանկյունից ամենալիբերալ խմբերից մեկը, ինչից Թրամփը բազմիցս բողոքել է նախընտրական քարոզարշավի ընթացքում։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: Դեմոկրատական կուսակցության թեկնածուն փոխնախագահ Քամալա Հարիսն է։ Վերջինս բազմիցս իր աջակցությունն է հայտնել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ դիմակայության հարցում։ Դրա հետ մեկտեղ Հարիսը պնդում է, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետություն» սկզբունքով, այսինքն՝ Պաղեստին պետության ստեղծմամբ։ 

Թրամփը ևս աջակցում է Իսրայելին: Նա ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմն անվանել է «պայքար քաղաքակրթության և վայրենության, պարկեշտության և այլասերվածության, բարու ու չարի միջև»։ 

Լուսանկարը՝ Kent Nishimura/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter