HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան Արմեն Գրիգորյանին կոչ է արել մտածել Հայաստանի պարենային անվտանգության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությանը Ուկրաինայի պարենային անվտանգության հարցերով գագաթնաժողովին։ «Եթե մարդիկ հետաքրքրված են պարենային անվտանգության հարցերով, նրանք պետք է ելնեն իրենց երկրում պարենային անվտանգության իրավիճակից»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա հիշեցրել է Արմեն Գրիգորյանին, որ հացահատիկի 90%-ը Հայաստանը գնում է Ռուսաստանից։ «Միգուցե այդ դեպքում ավելի լավ է Ռուսաստանի հետ կապ հաստատել տեսակոնֆերանսի միջոցով՝ քննարկելու իրենց պարենային անվտանգությունը»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան պարբերաբար հայտնում է Երևանին նման նախաձեռնությունների մասին իր գնահատականը։ 

«Ես կարծում էի, որ այդ տեղեկությունը հասնում է։ Ես կարծում էի, որ Երևանում գիտեն մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից։ Մենք կարծում էինք, որ նրանք շատ լավ հասկանում են, որ նման «իրար մեջ քննարկումները» ոչ մի կապ չունեն քաղաքական կարգավորում գտնելու և խաղաղություն հաստատելու հետ։ Բայց, ըստ երևույթին, ոչ բոլորին է հասնում։ Եվ այդ հավաքների բոլոր մասնակիցները պետք է իրենց հաշիվ տան, որ հակամարտության լուծումն առանց Ռուսաստանի անհնար է»,- հայտարարել է Զախարովան։

Զախարովան անդրադարձել է նաև «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը՝ նշելով, որ աշխատանքներ են իրականացվում Թուրքիայում արտաքին գործերի նախարարների մակարդակով նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ 

«Ես կարող եմ ասել, որ Անկարայում նման հանդիպում նախապատրաստվում է»,- ասել է նա։

Դիվանագետը նշել է, որ կոնկրետ ժամկետները կհայտարարվեն պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո:

Ի թիվս այլ հարցերի, Զախարովան նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի քննադատություններին։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական որոշ ուժեր «կարծես միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը»։ 

«ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցության սառեցման պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին և այլն։ Այս ամենը ճիշտ չէ, քանի որ, ինձ թվում է, մենք բազմիցս մանրամասն պատմել ենք թե Ռուսաստանի, թե ՀԱՊԿ-ի ջանքերի մասին, փոխանցել մեր գնահատականը հայկական իշխանությունների որոշումների վերաբերյալ»,- նշել է Զախարովան։ 

Նա այն կարծիքին է, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները «ուղղակի անհեթեթ են, որովհետեւ չեն համապատասխանում փաստերին»։ «Ինչևէ, այս պատրվակով Հայաստանի ղեկավարությունը սկսեց սահմանափակել քաղաքական երկխոսությունը (Ռուսաստանի հետ` խմբ.)»,- ասել է նա։

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում շարունակում է հանդես գալ «լիամասշտաբ երկկողմ երկխոսության, համագործակցության, մանիպուլյատիվ հռետորաբանությունից իրական լիարժեք փոխգործակցությանը վերադառնալու օգտին, այդ թվում՝ ՀԱՊԿ համատեքստում»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման պատճառներից մեկը նաև այն է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ 

«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,- հայտարարել էր Փաշինյանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականին, իսկ այդ կազմակերպությունը Հայաստանի համար սպառնալիք չէ: 

«Խոսքն այն հարցերի մասին է, որոնք վերաբերում են Հայաստանի ինքնիշխան իրավունքների ոլորտին. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ»,- նշել էր Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել էր, որ ՀԱՊԿ-ը չի կարող սպառնալիք կամ վտանգ ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրա պնդմամբ՝ այդ կազմակերպությունն աջակցում է անդամ պետությունների ինքնիշխանությանը։ «Այդ դիրքորոշումը համբերատար կերպով կհասցնենք հայկական ղեկավարությանը։ Հայաստանի հետ շփումները մենք շարունակում ենք և շարունակելու ենք։ Անշուշտ, այդ երկիրը մեր մտերիմ գործընկերն է»,- թեման եզրափակել է ռուսաստանցի պաշտոնյան։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter