
ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջախոհությանը. Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները հակասում են ողջախոհությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ դրանք հակասում են ողջախոհությանն ու իրականությանը։ Որովհետև եթե ինչ-որ բան քեզ «սպառնում է», առավել ևս ազգային անվտանգությանը, ապա ինչ իմաստ ունի խոսել այդ մասին, որ նրանք (ի նկատի ունի Հայաստանը՝ խմբ.) այնտեղ (ՀԱՊԿ-ում՝ խմբ.) դեռ մնում են։ Եթե նրանք մնում են, նշանակում է, որ նրանք դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ նրանք ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս է եկել Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջախոհությանը և տրամաբանությանը»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման պատճառներից մեկը նաև այն է, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,- հայտարարել էր Փաշինյանը։
Փաշինյանի այս հայտարարության հետ չէին համաձայնվել նաև Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականին, իսկ այդ կազմակերպությունը Հայաստանին սպառնալիք չի ներկայացնում:
«Խոսքն այն հարցերի մասին է, որոնք վերաբերում են Հայաստանի ինքնիշխան իրավունքների ոլորտին. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանին»,- նշել էր Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հավելել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը «չի կարող և չի բխում ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք»։ Նրա պնդմամբ՝ այդ կազմակերպությունը կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պահպանման կողքին։ «Այդ դիրքորոշումը համբերատար կերպով կհասցնենք հայկական ղեկավարությանը։ Հայաստանի հետ շփումները մենք շարունակում ենք և շարունակելու ենք։ Անշուշտ, այդ երկիրը մեր մտերիմ գործընկերն է»,- թեման եզրափակել էր ռուսաստանցի պաշտոնյան։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել