
Արցախ, սեպտեմբերի 19․ պատերազմի անզեն զոհերը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։ Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։
Նվեր և Միքայել Ղազարյաններ
Ղազարյանների յոթ հոգանոց ընտանիքն ապրել է Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ Ադրբեջանական հարձակման օրը Զարինե Ղազարյանն Ասկերանում է եղել, իսկ չորս որդիները՝ գյուղում։ Զարինեի ամուսինը՝ Ռուդիկը, դիրքերում է եղել։
«Իմացանք, որ ռուսների միջոցով Հայաստանից սնունդ են բերել։ Գնացինք ուտելիք գնելու, բայց չհասցրինք»,- ասում է Զարինեն։
Երբ արդեն Ասկերան են հասել, Զարինեի սկեսուրը զանգել է ու ասել, որ պատերազմ է սկսվել։ «Զանգեցի գյուղապետին, ասացի՝ Գարիկ, պատերազմ է, երեխաներին գյուղից հանի, ասաց՝ ոչ մի բան չկա, հանգիստ եղիր, պանիկա է»,- պատմում է Զարինե Ղազարյանը։
8-ամյա Նվերին ու 10-ամյա Միքայելին դպրոցից տուն են ուղարկել։ Նրանց 5-ամյա եղբայրը՝ Սեյրանը, տանն է եղել, իսկ նրանց փոքր եղբայրը՝ Կարենը, բարեկամներից մեկի տանն է եղել։ Գյուղապետի հորդորով հարևաններից մեկը երեխաներին տարել է տան մոտի ձորը՝ պատսպարվելու։
«Որ արդեն տեղափոխվել են էդ ձորի մեջ, միանգամից խփել են։ Առաջինը Միքայելն է մահացել, հետո գյուղապետի տղան՝ Դավիթը, հետո՝ Նվերը»,- արցունքներն աչքերին՝ պատմում է Զարինեն։ Պայթյունից զոհվել են նաև գյուղապետի հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը և զոքանչը՝ Գոհար Գրիգորյանը, վիրավորվել է15 մարդ։
Գյուղապետն իր մեքենայով վիրավորներին տեղափոխել է սկզբում Ասկերան, հետո՝ Ստեփանակերտ։ Վիրավորների մեջ է եղել նաև Զարինեի 5-ամյա որդին՝ Սեյրանը։
«Սեյրանին որ բերեցին, գլուխը ճղված էր, ասկոլկաները՝ ուղեղի մեջ։ Վիրահատեցին Ստեփանակերտում։ Ինձ ասում էին՝ չգիտենք երեխայի կյանքը կփրկվի, թե ոչ»,- հիշում է նա։
Բժիշկներին հաջողվել է փրկել Սեյրանի կյանքը։ Սակայն հիմա նա լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նրա գլխում մնացած բեկորների պատճառով տեսողությունը գնալով վատանում է։ Ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում կազմակերպել երեխայի բուժումը։
Միքայելի և Նվերի մարմինները Սառնաղբյուրից դուրս են բերել 4 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Կարմիր խաչի օգնությամբ։ Եղբայրներին հուղարկավորել են սեպտեմբերի 30-ին, Մասիսի գերեզմանատանը։
Գոռ Առուստամյան
Սեպտեմբերի 19-ի առավոտյան 9-ամյա Գոռ Առուստամյանը սովորականի պես գնացել է դպրոց։ Տունդարձի ճանապարհին իրենից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արկ էր պայթել։ Գոռը մահացել է սրտի կանգից։ Բժիշկները հարազատներին ասել են, որ պատճառը, հավանաբար, վախն է եղել՝ արկի պայթյունից։
Էդուարդ Ջանյան
79-ամյա Էդուարդ Ջանյանը ապրել է Ստեփանակերտում։ Նա ուներ 3 երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Նրա որդին զոհվել է 1994 թ․ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Որդու մահից հետո Էդուարդը ստանձնել է թոռների խնամքը։
«Պապս մեր համար հայր էր», - ասում է թոռը՝ Գայանե Խաչատրյանը:
Սեպտեմբերի 20-ին, երբ քաղաքում սկսել են խոսել, որ ադրբեջանցիները հարձակվել են Հարավ գյուղի դիրքերի վրա, Էդուարդը սկսել է անհանգստանալ աշխարհազորում ծառայող թոռան համար։ Նրանից ոչ մի լուր չունենալով՝ Էդուարդը որոշել է գնալ Հարավ գյուղ։
Էդուարդը թոռան ամուսնու՝ Մհեր Հովհաննիսյանի եւ Վիտալի Համաբարձումյանի հետ մեկնել է Հարավ: Սակայն, որեւէ բան չեն կարողացել պարզել, վերադարձել են: Հարավից Ստեփանակերտ հետդարձի ճանապարհին ադրբեջանցիները կրակել են մեքենայի վրա։ Էդուարդ Ջանյանը զոհվել է, Վիտալի Համբարձումյանը դուրս է թռել մեքենայից և վիրավորվել է, Մհերը ծանր վիրավորվել է․ նա էլ իրեն մեքենայից դուրս է նետել՝ գլորվել ձորը։ Նա մի կերպ կարողացել է հասնել հատուկ ջոկատայինների մոտ, որոնք էլ նրան տարել են քաղաք։ Վիտալին նույնպես ձորերով կարողացել է դուրս գալ:
Գայանե Խաչատրյանը դեպքի օրը Ստեփանակերտի քաղաքապետարանի ապաստարանում է եղել։
«Ամսի 20-ին պապիկս եկել է, որ տեսնի, թե ես որտեղ եմ։ Մթության մեջ մի հատ լապտերի լույս տեսա։ Պապիկս անընդհատ ինձ էր կանչում, իր ձայնը լսելով՝ դուրս եմ եկել ապաստարանից ու տեսել եմ իրեն։ Դա վերջին անգամն էր, որ ես պապիկիս տեսա։ Ոնց որ ինքը եկել էր մեզ հաջող անելու, պահանջեց, որ երեխաներիս էլ տանեմ մոտը, տեսնի» - պատմում է Գայանե Խաչատրյան։
Էդուարդ Ջանյանի մարմինը երկու օր մնացել է դեպքի վայրում։ Նրան հուղարկավորել են Ստեփանակերտում։ Ընտանիքը ցանկություն է հայտնել Էդուարդի մարմինը Հայաստան տեղափոխել, սակայն մինչև օրս դա չի հաջողվել։
Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյանը Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից էր։ Նա երկար տարիներ աշխատել է Չարեքտար դպրոցում որպես պատմության ուսուցիչ։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Չարեքտարում բնակիչներ չկային։ Արմենը բնակվել է մեծ եղբոր՝ Սամվելի տանը՝ Գետավանում։
«Սեպտեմբերի 19-ին պատերազմը որ սկսվեց, գյուղում էր ու մինչև վերջ մնաց գյուղում»,- պատմում է Սամվել Մարտիրոսյանը։
Ադրբեջանական դիրքերը Գետավան գյուղին շատ մոտ էին և խաղաղ բնակչության համար գյուղում մնալը վտանգավոր է եղել։ Արմենը օգնել է գյուղացիներին տարհանել։ «Տանը փոքր երեխաներ ունեինք, բոլորին ճանապարհել է Ստեփանակերտ, իսկ ինքը մնացել է գյուղում։ Կապ չկար այդ ժամանակ, որ կարողանայինք խոսել հետը, ասեինք, որ դուրս գա», - ասում է Սամվելը։
Արցախյան առաջին պատերազմում զոհվել է Արմենի մեծ եղբայրը՝ Պավել Մարտիրոսյանը։ Նրա և պատերազմի մյուս զոհերի պատվին Գետավանում հուշարձան կար։ Երբ ադրբեջանցիները մտել են գյուղ, փորձել են քանդել այդ հուշարձանը։ Արմենը փորձել է խանգարել նրանց։ Ադրբեջանցի զինվորները սպանել են Արմենին։
Ստեփանակերտ տարհանվելուց մի քանի օր անց Արմենի մյուս եղբայրը՝ Հայկ Մարտիրոսյանը, նրա մահվան մասին իմացել է ռուսական զորակազմի բուժակից։
Բուժակը նաև պատմել է, որ Արմենի մարմինը ռուս խաղաղապահները սկզբում տարել են իրենց բազա, իսկ հետո փոխանցել են Հաթերքի զորամասի զինվորներին, ովքեր էլ Արմենին հուղարկավորել են Հաթերքի զորամասի մոտակայքում։
Արմեն Մարտիրոսյանի հարազատները հստակ չգիտեն, թե որ օրն են սպանել նրան։ Արմենը 51 տարեկան էր, ուներ 2 երեխա՝ դուստր և որդի։
Արմեն Հարությունյան
«Ինքը գնաց՝ չիմանալով՝ փրկվեցինք մենք, թե ոչ։ Մենք փրկվեցինք, բայց ես կիսատ եմ, չհասցրի ոչ հուղարկավորմանը մասնակցել, ոչ էլ գոնե մեկ անգամ գերեզման այցելել», - ասում է Անուշ Հարությունյանը՝ Մաճկալաշենում զոհված Արմեն Հարությունյանի կինը։
Անուշը ամուսնուն վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ մինչև աշխատանքի գնալը։ Երբ սկսել է ադրբեջանական հարձակումը, նա այլևս չի կարողացել ամուսնու հետ կապ հաստատել։
Երբ հրետակոծությունը ինտենսիվացել է, Անուշ Հարությունյանը հղի հարսի՝ Լուսինեի և երկու թոռների հետ փորձել է լքել գյուղը։ Քանի որ իրենց տունը գյուղի վերջում է եղել՝ ադրբեջանական դիրքերի մոտ, չեն կարողացել իրենց մեքենան հանել, ոտքով են գնացել։ Անուշը հարսին ու թոռներին տեղավորել է ճանապարհին հանդիպած մեքենաներից մեկում, իսկ ինքը մնացել հարևանների հետ՝ ոտքով։
Երկար ճանապարհ ոտքով քայլելուց հետո նրանց մեքենա է հանդիպել և տեղափոխել հարևան գյուղ՝ Կոլխոզաշեն, որտեղ նորից հանդիպել է հարսին, թոռներին ու իր համագյուղացիներին։ Երկար փնտրտուքներից հետո նա կարողացել է համագյուղացիներից իմանալ, թե ամուսնուն ինչ է պատահել։
«Պատմեցին, որ գյուղի ծայրում մեկի հետ կանգնած զրուցելիս է եղել, երբ պայթուն է եղել մոտակայքում։ Դրանից հետո բարձրացել է Լուսնյակ կոչվող դիրք, որը նաև սրբատեղի էր, հավանաբար՝ ինչ-որ բանով օգնելու»։
Արմեն Հարությունյանը ծառայության մեջ չի եղել և զենք չի ունեցել։ Նա աշխատել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում։
Արմենի մարմինը գյուղում զոհված զինվորների մարմինների հետ տարել են Մարտունու հիվանդանոց։ Սեպտեմբերի 22-ի գիշերը մարմինը տարել են Մաճկալաշեն, որտեղ էլ նրա ընկերներն ու որդին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը։ Անուշը չի կարողացել ամուսնու գերեզմանին այցելել։
«Հիսուներեք տարեկանում երեք պատերազմի է մասնակցել, ցավոք, չորրորդին արդեն զոհ գնաց»,- ասում է Անուշը՝ արցունքները չզսպելով։
Արմենն ու Անուշը երեք երեխա ունեն՝ երկու որդի և մեկ դուստր։
Սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթունի օրը, Արմեն Հարությունյանի ընտանիքը Ստեփանակերտում է եղել։ Այդ երեկո նրանք իմացել են, որ Հայաստանում գտնվող իրենց 8 ամսական թոռը, ում Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխել էին բուժվելու, մահացել է։
Հայաստանում Արմենի ընտանիքի հետ կապվել են Արցախի ներկայացուցչությունից, և ասել, որ Արմենի մարմինը Հայաստան տեղափոխելու համար պետք է դիմում գրեն։ Նրա կրտսեր որդին գնացել և դիմում է գրել, սակայն մինչ օրս Արմենի մարմինը Հայաստան չի տեղափոխվել։
Շաբո Գրիգորյան
73-ամյա Շաբո Գրիգորյանը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից էր։ Սեպտեմբերի 19-ին գյուղի քաղաքացիական բնակչությունը պատսպարվել է ապաստարաններում։
«Հետո որ վիճակը շատ վատացավ, գյուղապետը զգուշացրեց, որ գնանք դեպի գյուղի վերևի մարզադաշտը ու պատսպարվենք, մինչեւ տենանք՝ ինչ է լինում»,- հիշում է Շաբո Գրիգորյանի հարսը՝ Իրինան։
Մարտական գործողությունների սկսվելուց հետո գյուղի տղամարդիկ գնացել էին դիրքեր, գյուղում մնացել են կանայք, երեխաները և ծերերը։ Երբ հասկացել են, որ մնալը վտանգավոր է, որոշել են անտառով գնալ հարևան գյուղ՝ Մսմնա։
«Քանի որ արդեն գյուղացիները բարձրացել էին Մսմնա, ինքն էլ գնաց իր ավտոմեքենայի հետևից։ Ուզում էր մեքենա վերցնի, որ գա կանանց ու երեխաներին տեղափոխի։ Ասեց՝ ոտքով էդքան չեք կարողանա գնալ», - պատմում է Իրինան։
Շաբոն վերցրել է մեքենան և Խաչմաչի ճանապարհով գնացել գյուղացիներին ընդառաջ։ Խաչմաչի խաչմերուկն արդեն ադրբեջանցիների հսկողության տակ է եղել, երբ հասել է խաչմերուկին, կրակել են մեքենայի վրա։ Շաբո Գրիգորյանը տեղում մահացել է։
Շաբո Գրիգորյանի մարմինը Խաչմաչի խաչմերուկից դուրս են բերել երկու օր անց՝ սեպտեմբերի 21-ին։ Մարտական գործողությունների դադարից հետո Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանը ռուս և ադրբեջանցի զինվորականների հետ գնացել է և դուրս բերել գյուղի բոլոր զոհերի մարմինները։
Նրա մարմինը Հայաստան են տեղափոխել սեպտեմբերի 29-ին և հուղարկավորել Օշականում։ Շաբոյի կողքին են հուղարկավորված նաև երկու թոռները՝ 24-ամյա Գենադի Գրիգորյանը և 15-ամյա Արեն Գրիգորյանը, որոնք զոհվել են սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունից։
Սերգեյ Հովոյան
Սեպտեմբերի 19-ին Հովոյանների ընտանիքը Վանք գյուղում է եղել՝ քահանա Տեր Հովհաննեսի տանը։ Գոհարինե և Վազգեն Հովոյանները իրենց որդիների՝ 16-ամյա Սերգեյի և 13-ամյա Մկրտիչի հետ ապրել են Քոլատակ գյուղում, սակայն հաճախ են եղել Վանքում։
Ժամը 1-ի մոտակայքում, երբ ընտանիքը ճաշելիս է եղել, սկսել է հրետակոծությունը։ Տեր Հովհաննեսի հարևանը՝ Մելսիկ Բաղդասարյանը, այդ պահին գնացել է նրանց մոտ, որ զգուշացնի՝ գնան գյուղի մյուս կողմում գտնվող ապաստարան։ Երբ Մելսիկը դուրս է եկել տնից, բակում պայթել է ադրբեջանական հրթիռ։ Մահացել են Մելսիկ Բաղդասարյանն ու 16-ամյա Սերգեյ Հովոյանը, վիրավորվել՝ Գոհարինե Հովոյանը, Մկրտիչ Հովոյանն և Տեր Հովհաննեսը։
Պայթունից հետո Վազգեն Հովոյանը գյուղի բուժակի հետ ծանր վիրավոր Գոհարինեին և Մկրտիչին տեղափոխել է Վանքի հիվանդանոց, որտեղից էլ տարել են Ստեփանակերտ։
«Ամուսինս եկավ ինձ մոտ, հարցրի՝ ո՞նց են էրեխեքը, ասաց՝ լավ են։ Խնդրեցի, որ գնա, նկարի ու բերի տեսնեմ։ Ամուսինս փոքր տղայիս նկարեց, բերեց, ասացի՝ բա Սերգեյն ո՞ւր ա։ Ամուսինս ասաց, որ նրա վիճակը ծանր է, մոտը մարդ չեն թողնում մտնի։ Նա այդ պահին չէր ուզում ասել, որ Սերգեյը զոհվել է»,- ասում է Գոհարինեն։
Սերգեյ Հովոյանը վիրավորում էր ստացել սրտի հատվածում։ Նա մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցի ճանապարհին։
Սեպտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Հովոյաններին տեղափոխել են Հայաստան։ Նրանց զգուշացրել են, որ Ադրբեջանը պահանջել է քաղաքացիական զոհերին դագաղով դուրս բերել։ Ընտանիքը մեծ դժվարությամբ կարողացել է դագաղ գտնել։
«Ամուսինս, որտեղ ման էր գալիս, դագաղ չէր գտնում։ Հետո գտավ մի դագաղ, որը չափսերով փոքր էր։ Մեր վերջին հույսն էր դա։ Էդ փոքր դագաղով երեխուն մի կերպ տեղափոխել ենք Գորիս»,- ասում է Գոհարինեն։
Արտյուշա Միքայելյան
Արտյուշա Միքայելյանի՝ հողով ծածկված դիակը գտել են սեպտեմբերի 27-ին, Արցախի Խաչմաչ գյուղի անտառում։ Նրա մահվան պատճառը գլխի վնասվածքն է եղել։
87-ամյա Արտյուշա Միքայելյանը մանկավարժ էր, 42 տարի Արցախի Ներքին Սզնեք գյուղի դպրոցում աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցիչ։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին Ներքին Սզնեքի գյուղապետն է եղել:
Նա ապրել է կնոջ, որդու, հարսի, ավագ որդու այրու ու թոռների հետ։ Ավագ որդին՝ Գրիշա Միքայելյանը, զոհվել էր 1992 թ․ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման օրը, կրտսեր որդին դիրքերում է եղել։
Առնոդ Չալյան
2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին` Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ, դիրքերից Միշա Չալյանը զանգել է քրոջը՝ Մերիին ու խնդրել ծնողներին տեղափոխել ապաստարան։ «Եղբայրս ասաց՝ իրավիճակը լուրջ է, պետք է գնաք ապաստարան։ «Արցախբանկը» մեր տան մոտ էր, ծնողներիս տարա բանկի նկուղ, ես էլ հագա համազգեստս ու գնացի աշխատանքի»,- պատմում է Մերի Չալյանը։ Նա Փրկարար ծառայությունում է աշխատել եւ ողջ օրվա ընթացքում գործընկերների հետ տարեցներին տեղափոխել են ապաստարաններ։
Առնոդ Չալյանը կնոջ՝ Սիլվայի, դստեր՝ Մերիի և որդու՝ Միշայի հետ ապրել է Մարտունի քաղաքում։ Միշան զինվորական է եղել։ 67-ամյա Առնոդ Չալյանը թոշակառու էր, բայց ընտանիքին օգնելու համար նաև տաքսի է վարել։
Մելսիկ Բաղդասարյան
Մելսիկ Բաղդասարյանին ընկերները հուղարկավորել են իր տան դիմացի այգում: Սեպտեմբերի 22-ին գյուղը տարհանվել է։ Գերեզմանատուն գնալ չեն կարողացել եւ հարազատներն ու ընկերները որոշել են Մելսիկին ժամանակավոր հուղարկավորել այգում: Մելսիկը զոհվել է 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին։
Հայկ Հովսեփյան
Հայկ Հովսեփյանը սպանվել է սեպտեմբերի 20-ի առավոտյան, մեքենայով Արցախի Մարտակերտ քաղաքից Վարդաձոր գյուղ գնալու ճանապարհին: Նա ծնողներին գյուղից դուրս բերելու համար է գնացել:
Հայկը Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղից էր։ Նա կնոջ՝ Ալվարդի և չորս երեխաների հետ ապրել է Մարտակերտ քաղաքում։ Ծնողները՝ Բերժիկ և Վերա Հովսեփյանները, Վարդաձորում են ապրել։ Հայկն աշխատել է Կաշենի ոսկու հանքում։ Մինչև այդ, 3 տարի պայմանագրային զինծառայող է եղել։
Արեգ և Ժուլետա
Ներքին Հոռաթաղ գյուղի իրենց տանը ադրբեջանական արկից զոհվել են 61-ամյա Ժուլետա Գալստյանը և նրա 9-ամյա թոռը՝ Արեգ Գասպարյանը։
Արթուր Գասպարյանը՝ Արեգի հորեղբայրը, հրետակոծության պահին մոր և Արեգի հետ նույն սենյակում է եղել։ Արթուրի կինը, երկու երեխաները ու եղբոր կինը՝ հարեւան սենյակում։ Երեկոյան 21:00-ի սահմանում արկն ընկել է հենց այն հատվածում, որտեղ Արթուրենք են եղել։ Գասպարյանների տան տանիքն ամբողջությամբ փլվել է, Արեգը և Ժուլիետան մնացել են փլատակների տակ։
2023-ի սեպտեմբերի 24-ին բացվեց Հակարիի կամուրջը, և Արցախի բնակչությունը տեղահանվեց։ Տեղահանության ճանապարհին սննդի և բուժօգնության բացակայության հետևանքով զոհվեց 69 մարդ։
Սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը։ Հումանիտար ճգնաժամը Արցախում ավելի խորացավ։ Պայթյունից զոհվեց 219 մարդ, վիրավորվեց՝ 290-ից ավելին։ 22 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։
Արցախի հայաթափումից գրեթե մեկ տարի է անցել։ Զոհվածներից ոմանց մարմինները դեռևս գտնվում են Արցախում։ Հարազատների փորձերը՝ աճյունները տեղափոխելու, արդյունք չեն տվել։ Արցախցիների վերադարձի իրավունքը վերականգնելու համար ո՛չ ՀՀ-ն, ո՛չ միջազգային հանրությունը որևէ գործնական քայլ չեն արել։
Մեկնաբանել