
Սառնաղբյուրում եղբայրների մահվանն ականատես եղած ու վիրավորված 6-ամյա Սեյրանն առողջական լուրջ խնդիրներ ունի
«Շա՞տ ընկերներ ունեիր Արցախում»,- հարցնում ենք 6-ամյա Սեյրանին։ Սեյրանը եղբայրների՝ Նվերի և Միքայելի անուններն է տալիս։
10-ամյա Նվեր և 8-ամյա Միքայել Ղազարյանները զոհվել են 2023 թ․ սեպտեմբերի 19-ին, Սառնաղբյուր գյուղում, ադրբեջանական արկի պայթյունից։
Եղբայրներն այդ օրը սովորականի պես գնացել են դպրոց։ Երեխաների մայրը՝ Զարինեն, մի քանի համագյուղացու հետ գնացել է Ասկերան՝ ուտելիք բերելու։ Ամուսինը՝ Ռուդիկ Ղազարյանը, դիրքերում է եղել։
Կեսօրին՝ երբ գյուղում արդեն լսվել են կրակոցները, դպրոցի բոլոր երեխաներին տուն են ուղարկել։ «Գյուղապետը մեր հարևանի աղջկան՝ Լուսինեին, ասել է, որ երեխաներին հավաքի ու տանի իրենց տան մոտի ձորը։ Թաքնվել են այդ ձորի մեջ՝ մտածելով, որ ապահով է»,- պատմում է Զարինեն։
Երբ արդեն տեղ են հասել ու պատսպարվել, սկսվել է հրետակոծությունը։ Ձորում պայթած արկից զոհվել է 5 խաղաղ բնակիչ՝ Նվեր և Միքայել Ղազարյանները, գյուղապետի 15-ամյա որդին՝ Դավիթ Ալեքսանյանը, հայրը՝ Ալեքսանդր Ալեքսանյանը և զոքանչը՝ Գոհար Գրիգորյանը: Արկի բեկորներից վիրավորվել է 15 հոգի։
«Գյուղապետը վիրավորներին մեքենայով բերեց Ասկերան, մենք արդեն կամուրջի մոտ կանգնած էինք։ Նրանց տեղափոխեցին Ստեփանակերտի մանկական հիվանդանոց։ Ես էնտեղ իմացա, որ Միքայելը արդեն չկա, բայց ասում էին, որ Նվերը դեռ ողջ է»,- պատմում է Զարինեն։
Պայթյունից վիրավորվել էր նաև Զարուհու կրտսեր որդին՝ Սեյրանը։ Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարել են նրա կյանքը փրկելու համար։ «Սեյրանին որ բերեցին, գլուխը ճղված էր, բեկորները ուղեղի մեջ»,- ասում է մայրը։ Սեյրանին Ստեփանակերտում վիրահատել են, բայց ասել են, որ շատ բարդ է լինելու կյանքը փրկելը։
«Սեյրանին սարքին էին միացրել։ Երբ ռմբակոծում էին Ստեփանակերտը, հիվանդանոցում բոլորը վազում էին դեպի ապաստարան, ես չէի կարող սարքը անջատել ու թաքստոց գնալ։ Բոլոր բժիշկները փախչում էին, միայն գլխավոր բժիշկը՝ Մելքումյանն էր կողքս կանգնած մնում։ Նրան ասացի՝ խնդրում եմ, գոնե ես մի երեխային էլ զոհ չտամ։ Ինքը խոստացավ, որ մինչև վերջին պահը մեր հետ է մնալու»,- պատմում է Զարինեն։
Սեյրան Ղազարյանի կյանքը հնարավոր է եղել փրկել, բայց երեխան մինչև հիմա առողջական լուրջ խնդիրներ ունի։ Գլխում եղած բեկորների հետևանքով նրա տեսողությունը գնալով վատանում է, պարբերաբար ունենում է գլխացավեր։ Բուժման համար անհրաժեշտ է գումար, որը ընտանիքը չունի, իսկ պետական աջակցություն կամ հաշմանդամության կարգ չի ստացել։ Առողջական լուրջ խնդիրներ ունեն նաև Զարինեն ու ամուսինը, նրանք երկուսն էլ հիմա աշխատում են։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք հաստատվել են Լոռու մարզի Մեծավան գյուղում։
Նվերի և Միքայելի մարմինները հուղարկավորել են Մասիս քաղաքի գերեզմանատանը։ Երեխաների դիակները Սառնաղբյուրից կարողացել են դուրս բերել միայն սեպտեմբերի 23-ին՝ Կարմիր խաչի օգնությամբ։
Մոտ երկու ամիս առաջ ընտանիքը ևս մեկ ծանր հարված է ստացել։ Մեծավանի իրենց տանը հանկարծամահ է եղել Նվերի և Միքայելի հորեղբայրը՝ 22-ամյա Հարություն Ղազարյանը։ Մահվան պատճառը ընտանիքի անդամներին դեռևս հայտնի չէ։
Լուսանկաները՝ Հայկ Մակիյանի
Մեկնաբանել