
Մամռակալած պատեր, քանդված մանրահատակ, լքված շենք. Տաշիրի պոլիկլինիկայի անորոշ ապագան
Տաշիր համայնքի նախկին սովխոզի շենքը ծառայում էր որպես պոլիկլինիկա մինչև 2023 թվականի դեկտեմբեր։ Այս շենքը կառուցվել է 1978 թվականին և երկու անգամ վերանորոգվել է։ Առաջին անգամ կոսմետիկ նորոգման է ենթարկվել 1998 թվականին, երբ այնտեղ տեղափոխվել է պոլիկլինիկան։ Երկրորդ անգամ պոլիկլինիկայի շենքը կապիտալ նորոգվել է 2001թ․-ին «Հայաստան» և «Սոցիալական ներդրումների» հիմնադրամների և արգենտինահայ բարերարի միջոցներով։ Վերանորոգման համար ծախսվել է մոտ 70 հազար դոլար։ Պոլիկլինիկան այս շենքում շարունակել է գործել մինչև 2023 թվականի դեկտեմբերը։ Դեկտեմբերի 24-ին պոլիկլինիկան միավորվել է Տաշիրի հիվանդանոցի հետ։
«Պետք է նշել, որ պոլիկլինիկական մասնաշենքում արդեն իսկ բավարար չէին ինչպես աշխատանքային, այնպես էլ բուժսպասարկման պայմանները»,- ի պատասխան մեր հարցման՝ ասացին Լոռու մարզպետարանից։ Մեզ մարզպետարանից նաև հայտնել են, որ պոլիկլինիկայի տեղափոխումից հետո կրճատվել են կոմունալ ծախսերը։
Տեղափոխումից հետո նախկին պոլիկլինիկայի շենքը մատնվել է անուշադրության, որի հետևանքով քամուց վնասված տանիքից տեղումները սկսել են վնասել շենքը. բորբոսնել են պատերը, անպիտան է դարձել հատակը։ Շենքի օրեցօր վատթարացող վիճակի մասին իր անհանգստությունը պատմում է պոլիկլինիկայի նախկին (1988- 2008թթ.) տնօրեն Ահարոն Խաչատրյանը։
«Ես դեմ չեմ, որ պոլիկլինիկան տեղափոխել են։ Այստեղ հարցն այն է, որ այս շենքը մատնվել է անտերության ու էսպես քանդվում է։ Ուղղակի ուզում եմ բարձրաձայնել, որ էս շենքը չքանդվի, որովհետեւ ես այս շենքը վերանորոգելու համար մեծ ջանքեր եմ գործադրել, երկար ժամանակ եմ ծախսել, վազվզել եմ, դռներ եմ ծեծել, որ շենքը կարողանանք վերանորոգել։ Վերանորգումից հետո շենքը ունեցել է կենտրոնական ջեռուցում, կաթսայատուն։ Մեզ հիվանդանոց տեղափոխվելուց հետո շենքը մատնվել է անտերության։ Քամին տանիքի թիթեղները պոկել է, ձյունը, անձրեւը լցվել են ներս, ու շենքը քայքայվել է, իսկ շենքի վրա մեծ գումարներ են ծախսվել»,- պատմում է Ահարոն Խաչատրյանը։
Լոռու մարզպետարանը հայտնում է, որ պոլիկլինիկայի նախկին շենքը վնասվել է 2023 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Իսկ շենքի պահպանությունը պետք է իրականացնեն տնտեսվարը և պահակը։
Ինչ վերաբերում է շենքի հետագա ճակատագրին մարզպետարանից հայտնեցին, որ պարզ կլինի միայն Տաշիրի հիվանդանոցի նոր շենքի կառուցումից հետո։
«Քանի որ ներկայում կառուցվում է եւ 2025 թվականին շահագործման կհանձնվի «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջազգային չափորոշիչներին համապատասխան շենքային համալիրը, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, ապա չօգտագործվող պոլիկլինիկական մասնաշենքում ծախսեր կատարելը ինքնին նպատակահարմար չէ»,- ասված է մարզպետարանի պատասխանում։
Խաչատրյանը շենքի օգտագործման այլ տարբերակներ է առաջարկում։ «Թող օգտագործեն, թող փախստականներին տան։ Ջեռուցում ունեցող շենք է, սենյակներում ջուր կա, էսքան մարդիկ անտուն մնացին, թող տան, թող էդ մարդիկ ապրեն, ոչ թե էսպես մնա, քանդվի»,- ասում է պոլիկլինիկայի նախկին տնօրենը։
Գլխավոր նկարի լուսանկարները՝ Ահարոն Խաչատրյանի արխիվից
Գլխավոր լուսանկարի ձևավորումը՝ Լենա Սահակյանի
Մեկնաբանել