
Լիբանանը չի ցանկանում պատերազմել Իսրայելի հետ
Լիբանանն Իսրայելից պահանջում է դադարեցնել իր ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունները և նախազգուշացնում սահմանային շրջաններում ագրեսիվ գործողությունների շարունակման վտանգավոր հետևանքների մասին: Այդ մասին հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին՝ Բեյրութում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
«Լիբանանը հավատարիմ է խաղաղությանը և պատերազմ չի ուզում, բայց ինքնապաշտպանության օրինական իրավունք ունի և ի վիճակի է պաշտպանել իրեն»,- ընդգծել է Լիբանանի խորհրդարանի խոսնակը։
Բերին երախտագիտություն է հայտնել Բորելին՝ բարձր մարդասիրությամբ աչքի ընկնող իր դիրքորոշման համար: «Դուք ճշմարտությունն եք ասում Գազայի հատվածի և Լիբանանի հարավի նկատմամբ իսրայելական ագրեսիայի վերաբերյալ, որը շարունակվում է արդեն գրեթե մեկ տարի»,- նշել է նա:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը Բեյրութ է ժամանել Կահիրեից, ավելի վաղ բանակցություններ էր վարել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի հետ: Նա հանդիպել էր նաև Լիբանանի բանակի հրամանատար Ջոզեֆ Աունի հետ ու այցելել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայան, որը գտնվում է Ռաս-ալ-Նակուրա հրվանդանում:
Լիբանանում բանակցությունների ժամանակ Բորելը կոչ էր արել երկու կողմերին՝ խուսափել իրավիճակը սրող գործողություններից։
Լուսանկարը՝ Ayal Margolin/Flash90.
Մեկնաբանել