ՆԳՆ-ն կրթական միասնական հաստատություն ստեղծելու նախագիծ է ներկայացրել
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ին հավանություն տվեց Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նախագծին` մի քանի օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը ԱԺ ներկայացնելու։
ՆԳՆ ենթակայությամբ գործում են «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները:
Նախարարությունը ցանկանում է նշված երկու ուսումնական հաստատությունների վերակազմակերպման միջոցով ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն։ Կարծում են` դա թույլ կտա ձևավորել նոր ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդել։
Այդ նպատակով Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և/կամ լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Մասնագիտական կրթության ուսուցման մասին» օրենքներում։
Կրթական հաստատության կառավարումը, ըստ ՆԳՆ-ի, կազմակերպվելու է ռեկտորի և կոլեգիալ խորհրդի միջոցով, որի մեջ ներգրավվելու են ոլորտը համակարգող փոխնախարարը, ոստիկանության պետը, փրկարար ծառայության պետը, կրթահամալիրի կողմից ներկայացվող պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները։
Բուհի կառավարումը նախատեսվում է իրականացնել քաղաքացիական բուհերին բնութագրվող սխեմաներով. ամբիոնների ղեկավարները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները չեն հանդիսանալու ոստիկանության ծառայող կամ փրկարար ծառայող: Սակայն, հաշվի առնելով շարային կարգապահության կանոնները, վարչական անձնակազմի անդամներն ունենալու են համապատասխանաբար ոստիկանական և փրկարար ծառայության պաշտոններ։
Գործելու է երկու ուսումնական ստորաբաժանում, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով։ Նախագծի համաձայն` նոր ուսումնական հաստատության ստեղծումից հետո այն շարունակելու է իրականացնել արդեն սկսված կրթական ծրագրերով սովորողների ուսուցումը՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի լիարժեք իրականացումը:
Սակայն կարիք է լինելու մշակել պետական կրթական նոր չափորոշիչներ։
Նախագծի ընդունումից հետո, ըստ ՆԳՆ-ի, տեղի կունենա հաստիքների 8-10%-ի կրճատում։
Լուսանկարում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը/primeminister.am
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել