HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳ նախարարը հերքում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին լուրերը

Իրանը Ռուսաստանին ոչ մի բալիստիկ հրթիռ չի մատակարարել, իսկ ԱՄՆ-ն ու Եվրոպան ապավինում են ոչ հավաստի տեղեկատվությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Հերթական անգամ ԱՄՆ-ն և Եվրոպան գործեցին՝ ապավինելով ոչ հավաստի տեղեկատվությանը և սխալ տրամաբանությանը։ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չի մատակարարել։ Վերջակետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է իրանցի նախարարը։

Արաղչիի կարծիքով՝ հակաիրանական պատժամիջոցների սահմանման բոլոր աջակիցները պետք է հարց տան. «Ինչպե՞ս է Իրանը կարողանում արտադրել և, նրանց պնդմամբ, վաճառել նման առաջադեմ սպառազինություն»։ 

«Պատժամիջոցները խնդրի լուծում չեն, այլ ընդամենը դրա մի մասն են»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

Երեքշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին և պատժամիջոցների ցանկում ներառեցին Ռուսաստանի հետ կապված մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց: Այդ ցանկում հայտնվեցին Iran Air, Azadegan Transportation Company, Amad Behineh Saz Engineering Company և Sanjesh Gostar Dana Engineering and Quality Control Inspection Company ընկերությունները։ 

Ամերիկյան վարչակազմի պնդմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են, մասնավորապես, Իրանից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մատակարարման կապակցությամբ: Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են Ուկրաինայի վրա հարձակման նպատակով Ռուսաստանին իրանական սպառազինություն մատակարարման պնդումները։

Լուսանկարը՝ Atta Kenare/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter