
Պավել Դուրովի ժամանակավոր կալանքի ժամկետը երկարացվել է
Ֆրանսիայի իրավապահ մարմինները երկարացրել են Պավել Դուրովի ժամանակավոր կալանքի ժամկետը: Այդ մասին հաղորդում է AFP-ն։
Ինչպես իր հերթին նշում է RFI-ը, ֆրանսիական օրենսդրությունը թույլ է տալիս նախնական կալանքի կիրառումը մինչև 96 ժամ: Այնուհետև դատարանը պետք է որոշի՝ ազատ արձակել գործով անցնող անձին, թե մեղադրանք ներկայացնել նրան և, անհրաժեշտության դեպքում, թողնել կալանքի տակ։
Պավել Դուրովը ձերբակալվել էր օգոստոսի 25-ի գիշերը Ֆրանսիայում՝ Բաքվից ժամանելուց անմիջապես հետո։ Լրատվամիջոցները հայտնել են, որ ֆրանսիական իրավապահ մարմինները Telegram մեսենջերի հիմնադրին կարող են մեղադրանքներ առաջադրել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ խարդախության և ահաբեկչության համար, ինչի պատճառը Telegram-ում բովանդակության մոդերացիայի բացակայությունն ու հավելվածի կողմից՝ հատուկ ծառայությունների հետ համագործակցությունից հրաժարվելն է: Ընդ որում, ահաբեկչության հոդվածով մեղադրանքը կապված է այն հանգամանքի հետ, որ ահաբեկչական տարբեր խմբավորումների անդամները շփման և տեղեկատվության փոխանակման համար շատ հաճախ օգտվում են հենց Telegram-ից՝ համարելով այն առավել անվտանգ։ Ֆրանսիայի դատախազությունը խոստացել է մանրամասները հայտնել ավելի ուշ:
Telegram-ի թիմը, արձագանքելով Դուրովի կալանավորմանը, հայտարարել է, որ ընկերությունը հետևում է եվրոպական օրենքներին, իսկ հարթակում մոդերացիան գտնվում է «արդյունաբերական ստանդարտների մակարդակում» և անընդհատ բարելավվում է:
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Դուրովը «թաքցնելու բան չունի» և ընդգծվում, որ «աբսուրդ է համարել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են այդ հարթակում խախտումների համար»։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել