
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը Տաշքենդում կայացած բանակցությունների և միջպետական բարձրագույն խորհրդի առաջին նիստի արդյունքներով ստորագրել են դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր: Այդ մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Այդ երկրի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել են նաև աշխատանքային գործունեության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված գործնական գործողությունների ծրագիր, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթեր:
Բացի այդ, կողմերը հաստատել են մի շարք գերատեսչությունների գծով համագործակցության ծրագրերը։
Նշվում է, որ Ուզբեկստան Ալիևի այցի շրջանակներում համաձայնագրեր են կնքվել նաև Տաշքենդ և Բաքու, Շահրիսաբզ և Բեյլագան, Ջիզակ և Ղուբա քաղաքների միջև ու երկկողմ այլ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Ալիևը երկօրյա պետական այցով գտնվում է Ուզբեկստանում։ Նրան ուղեկցում է նաև կինը՝ այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։ Տաշքենդի միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել էր Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Լուսանկարը՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել