ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ, իսկ Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան։ Նման հայտարարությամբ РИА Новости-ն տված հարցազրույցում հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ընդհանուր աշխատանքին Հայաստանի մասնակցությանը, ապա այժմ Երևանում գերակշռում է այդ փոխգործակցությունից հեռանալու գիծը։ Այս դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում ազգային անվտանգությունը։ Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես Հայաստանի կայունության երաշխավորներ, այլընտրանք գոյություն չունի։ Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- նշել է Աղասանդյանը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են։
«Այս փուլում ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են։ Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն շահագրգիռ համատեղ աշխատանքի հանձնառությունը՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,- հայտարարել է ռուսաստանցի այս պաշտոնյան։
Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ կառույցներին Երևանի մասնակցությանը՝ նշելով, որ Հայաստանի համար շահեկան է այդ կազմակերպությանն անդամակցությունը, իսկ Մոսկվայում հույս ունեն, որ «ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով Երևանը չի հրաժարվի անդամակցությունից, որոնք միայն ներդրումներ և լուսավոր ապագա են խոստանում»։
«ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ՝ Միությունը ձեռնտու է Երևանին, շատ առումներով հենց նրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են դրսևորում, որով քչերը կարող են պարծենալ»,- հավելել է Աղասանդյանը։
Լուսանկարը՝ РИА Новости
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել