HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ դատախազությունը «անցանկալի» է հայտարարել Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «անցանկալի» է հայտարարել ամերիկյան ոչ կառավարական «Քլունի հիմնադրամը հանուն արդարության» կազմակերպության (անգլ.` Clooney Foundation for Justice) գործունեությունը: Այդ մասին փոխանցում է Meduza-ն։

Ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ հիմնադրամն իրականացնում է «Ռուսաստանի վարկաբեկմանն ուղղված գործունեություն»: Ըստ ՌԴ դատախազության՝ կազմակերպությունն աջակցում է «երկիրը լքած կեղծ հայրենասերներին», ինչպես նաև «արգելված ծայրահեղական միավորումների ու ահաբեկչական կազմակերպությունների մասնակիցներին»։

«Թաքնված լինելով մարդասիրական գաղափարների հետևում՝ Մեդիսոն պողոտայի «արդարության մարտիկները» առաջ են մղում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության քրեական հետապնդման նախաձեռնությունները, հրապարակայնորեն տարածում օտարերկրյա գործակալների և ՀԿ-ների մասին ռուսական օրենսդրության բացասական, կեղծ փորձագիտական գնահատականները»,- ասված է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ։

«Քլունի հիմնադրամը հանուն արդարության» կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականին իրավաբան Ամալ Քլունիի և նրա ամուսնու՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կողմից: Կազմակերպության պաշտոնական նպատակն է «պայքարել հանուն արդարության և պատասխանատվություն պահանջել մարդու իրավունքների խախտումների համար», հատկապես ավտորիտար երկրներում: Հիմնադրամը գործում է աշխարհի ավելի քան 40 երկրում: Ի թիվս այլ բաների, Քլունի հիմնադրամը զբաղվում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննությամբ։

Լուսանկարը՝ Beatrice Moritz/Clooney Foundation for Justice

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter