
Զախարովան անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը։ Այդ մասին հուլիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր 2024» զորավարժությունների մասին հարցին։
Ռուսաստանցի պաշտոնյան շեշտել է, որ այդ զորավարժությունները կայանում են արդեն երկրորդ անգամ։ «Դա բացառապես և՛ ափսոսանք, և՛ տագնապ է առաջացնում, հատկապես Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության հասցեին հրապարակային հարձակումների ֆոնին»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր խնդիրը «սեփական աշխարհաքաղաքական շեշտադրումներն իրականացնելու համար պլացդարմ ստեղծելն է»:
«Դրա համար նրանք պետք է վերացնեն խաղաղությանն ուղղված բոլոր միտումները, որոնք այնտեղ արդեն թափ էին հավաքում, նրանք պետք է նորից վեճ գցեն տարածաշրջանի երկրների միջև։ Նրանք պետք է թույլ չտան քաղաքական մտադրությունների ամրապնդումը, որոնց մասին հայտարարել էին և՛ Բաքվում, և՛ Երևանում, և որին աջակցում էին տարածաշրջանի երկրները։ <...> Այժմ արդեն նրանք հասնում են այնտեղ, և՛ Նահանգները, և՛ ՆԱՏՕ-ն, որպեսզի նորից խախտեն այդ փխրուն հավասարակշռությունը: Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը, մենք բազմիցս դա տեսել ենք աշխարհի տարբեր հատվածներում, միայն թեժացնում է այդ տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը։ Այն կստեղծի նոր բաժանարար գծեր,<...> ու ոչ միայն բաժանարար գծեր, այլև հակամարտության օջախներ, դրա թեժ փուլ»,- շարունակել է ռուսաստանցի պաշտոնյան։
Զախարովան հավելել է, որ Արևմուտքը Հայաստանին ներգրավում է Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ։ «Եվ ոչ միայն Անդրկովկասում, այլև դրան հարակից տարածաշրջանում։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի՝ ընդդեմ Ռուսաստանի, ընդդեմ Իրանի և ընդդեմ Թուրքիայի։ Իրենց հովանու ներքո անցկացվող զորավարժություններին և վարժանքներին ներգրավվելու միջոցով նրանք Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ական չափանիշները։ Դա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձեւմանը և, որպես հետևանք, Արևմուտքի կողմից նրա ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդեցության լրացուցիչ լծակների ձեռքբերմանը»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Ռուսաստանը «միշտ եղել և մնում է հավատարիմ իր դաշնակցային պարտավորություններին», այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման առումով: «Ռուսաստանը ձգտում է գտնել փոխընդունելի հանգուցալուծումներ։ Բայց հարց պետք է բարձրացնել, իհարկե, նաև այն մասին, թե Հայաստանը հավատարի՞մ է իր դաշնակցային պարտավորություններին։ Դրա հետ մեկտեղ, Երևանի նման քայլերը, որոնք համակարգային բնույթ են ստանում, խաթարում են տվյալ ոլորտում փոխգործակցության մշակված մեխանիզմների գործունեության հեռանկարները»,- թեման եզրափակել է նա։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել