
ՆԱՏՕ-ն 2025 թվականին Ուկրաինային կհատկացնի 40 միլիարդ եվրո
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ հայտարարել 2025 թվականին Ուկրաինային առնվազն 40 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու մասին: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարության մեջ։ Նպատակը՝ հակամարտության ընթացքում Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հակազդելն է։
«Դաշնակիցները կհայտարարեն հաջորդ տարվա ընթացքում 40 միլիարդ եվրոյի չափով նվազագույն բազային ֆինանսավորում տրամադրելու և անվտանգության ոլորտում աջակցության կայուն մակարդակ ապահովելու իրենց մտադրության մասին, որպեսզի Ուկրաինան կարողանա հաղթանակ տանել»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ մայրաքաղաքում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ղեկավարներն ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ Վաշինգտոնում է ու այսօր նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Լուսանկարը՝ REUTERS/Serhiy Takhmazov/File Photo
Մեկնաբանել