
Ղազախստանի արևմուտքում մեկնարկել են Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զորավարժությունները
Ղազախստանի արևմուտքում գտնվող Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիրլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զորավարժություններն անցկացվելու են Օյմաշա զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակ հրվանդանից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ծովային հատվածում: Հուլիսի 8-17-ը զորախմբերը կնախապատրաստեն և կանցկացնեն զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն»,- ասված է ղազախական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին կներգրավվի շուրջ 4 հազար զինծառայող և մինչև 700 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա: «Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային և օդային հետախուզության խմբերի, ծովային հատուկ նշանակության ուժերի, բանակային և ռազմաճակատային ավիացիայի անձնակազմերի, ռազմանավերի և մոտորանավակների, հրետանային հաշվարկների, գրոհային ու տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ»,- նշել է ղազախական կողմը։
Այս զորավարժության անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա ապրիլին Ակտաուում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովի ժամանակ։ Դրա ընթացքում մասնակիցները քննարկել էին զորավարժությունների նախապատրաստման հետ կապված մի քանի հարցեր։
Հետաքրքրական է, որ այս երկրներից երեքը՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են։
Լուսանկարը՝ Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել