
Նարենդրա Մոդին ժամանել է Մոսկվա
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Ռուսական TACC գործակալությունը փոխանցում է, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։
Ինքնաթիռից իջնելիս Մոդին դիմավորողներին ողջունել է հնդկական ավանդական «նամաստե» ժեստով: Հնդկաստանի վարչապետին դիմավորել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությունը։
Այցը, որը կտևի հուլիսի 8-9-ը, Մոդիի առաջին այցն է վարչապետի պաշտոնը երրորդ անգամ ստանձնելուց հետո: Հնդկաստանի կառավարության ղեկավարը վերջին անգամ Ռուսաստանում եղել էր 2019 թվականին, երբ այցելել էր Վլադիվոստոկ: Դրանից առաջ Մոդիի այցը Մոսկվա տեղի էր ունեցել 2015 թվականին։
Այցի ընթացքում նախատեսված են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «կարևոր, բազմաֆորմատ այցի» ակնկալիքի մասին։ Ընդ որում՝ երկու երկրների ղեկավարները կկարողանան շփվել նաև ոչ պաշտոնական միջավայրում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Կրեմլը «այս այցին առաջնային նշանակություն է տալիս»:
Լուսանկարը՝ PTI-ի
Մեկնաբանել