
Լուսաձայնային նռնակներ, բախումներ և վիրավորներ. ինչ կատարվեց Բաղրամյան պողոտայում
Երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները կիրակի օրվանից փակ էին պահում Բաղրամյան պողոտան։ Երեկ ԱԺ-ում ընթանում էր Կառավարության հետ հարցուպատասխանը, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ-ի շենքը և թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ոստիկանները շիշ են նետել ցուցարարների վրա։ Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետևանքով վիրավորվեց 100-ից ավելի մարդ։ Լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը, մինչ դաստակ, ամպուտացվեց։
Երեկոյան ժամը 22:00-ի մոտակայքում Բագրատ Սրբազանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին գնալ Կառավարության շենքի մոտ, որտեղ, ըստ իրենց տեղեկությունների, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 9-ից հավաքվելու են Կառավարության շենքի մոտ, որտեղ պիտի տեղի ունենար Կառավարության նիստը։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվել է, քանի որ ԱԺ-ում այսօր քննարկում են 2023թ․-ի բյուջեի կատարողականը։
Լուսանկարները՝ նաև Արեն Նազարյանի ու Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել