
Politico-ն հայտնել է ԵՄ ղեկավարության շրջանում տարաձայնությունների մասին
Եվրոպական խորհրդի գործող ղեկավար Շառլ Միշելը փորձում է խանգարել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո կրկին զբաղեցնել Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այդ մասին գրում է Politico պարբերականը՝ հղում անելով դիվանագետների և պաշտոնյաների շրջանում 8 աղբյուրների:
«Դա բոլորին խենթացնում է, քանի որ նրա խաղն այնքան ակնհայտ է. ստիպել ֆոն դեր Լեյենին սայթաքել: Ընդ որում, նա երազում է մեկ այլ բարձր պաշտոն զբաղեցնել»,- անանունության սկզբունքով հայտարարել է պարբերականի աղբյուրներից մեկը։ Նա նշել է, որ Եվրամիության բարձրաստիճան այս երկու պաշտոնյաները վաղուց բավականին լարված հարաբերություններ ունեն։
Politico-ի աղբյուրների խոսքով՝ կուլիսներում շշուկներ են շրջանառվում, որ Միշելը, ամենայն հավանականությամբ, հավակնում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի պաշտոնին, որը ներկայումս զբաղեցնում է Ժոզեպ Բորելը։
Պարբերականի զրուցակիցները մտավախություն ունեն, որ Միշելը, փորձելով բացառել Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վերանշանակումը, ԵՄ-ում բարձրագույն պաշտոնների թեկնածությունները համատեղ քննարկելու փոխարեն կդիմի Եվրամիության երկրների ղեկավարների հետ դեմ առ դեմ զրույցների ռազմավարությանը։
Politico-ի աղբյուրները հավելում են, որ Միշելը կունենա լուրջ ազդեցություն, քանի որ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո ԵՄ-ում նա ղեկավարում է բարձր պաշտոնների բաշխման գործընթացը ու համակարգում Եվրամիության անդամ երկրների հետ բանակցությունները։
Միևնույն ժամանակ պարբերականի զրուցակիցները բարձր են գնահատում Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի վերանշանակումը, քանի որ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» ընտրությունների ժամանակ պետք է որ լավ արդյունքներ գրանցի, իսկ վերջին շրջանում ֆոն դեր Լեյենը ձեռք է բերել ճգնաժամային կառավարչի հաջող հեղինակություն։ Բացի այդ, նա չունի լուրջ մրցակիցներ։
Ընդորում, պարբերականի աղբյուրները խոստովանում են, որ եվրոպական որոշ մայրաքաղաքներում, ինչպես օրինակ Փարիզում, որոշակի դժգոհություն կա ֆոն դեր Լեյենի կենտրոնացված կառավարման ոճի նկատմաբ ու այդ դժգոհությունը կարող է էլ ավելի ուժեղանալ։ Պարբերականը գրում է, որ Եվրոպական խորհրդարանի նոր կազմը կարող է էլ ավելի քննադատաբար վերաբերել գերմանացի քաղաքական գործչի դիրքորոշումներին։
Լուսանկարը՝ Kenzo Tribouillard/AFP via Getty Images
Մեկնաբանել