HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի կենդանաբան․ «Արցախի կենսաբազմազանությունը մնաց թերի ուսումնասիրված»

Արցախցի կենդանաբան Վահրամ Հայրապետյանի հետ քայլում ենք ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի թանգարանում: Սրահի վերջում՝ սեղանիկի վրա, դրված են Արցախի կենդանական աշխարհից մի քանի ցուցանմուշներ, եւս մի քանի թաց ցուցանմուշներ՝ չղջիկների, կրծողների եւ միջատակերների, առանձին են պահվում (թաց նմուշները պահվում են անոթներում՝ հեղուկի մեջ): Այս ցուցանմուշները, կարծես, արդեն մասունքներ լինեն:

10 տարի առաջ՝ 2014 թ., Վ. Հայրապետյանն իր դոկտորական թեզի պաշտպանության համար Արցախից ցուցանմուշներ էր բերել: Հետո դրանց մեծ մասը հետ էր տարել Արցախ, քանի որ մտադիր էր այնտեղ թանգարան հիմնել: «Եթե իմանայի, որ այս արդյունքն ենք ունենալու, այնտեղ ստեղծած կոլեկցիոն նմուշները կտեղափոխեի այստեղ: Իմ բերած նմուշների մի մասը հետ չէի տանի Արցախ, կթողնեի այստեղ՝ որպես սուրբ մասունք Արցախից: Էն ժամանակ մտածում էի՝ եղած նմուշներն էլ հավաքել եւ խոշոր կոլեկցիա ստեղծել այնտեղ»,- ցուցանմուշներին նայելով՝ ասում է արցախցի զրուցակիցս: Հետո երկուսս էլ մի պահ լռում ենք։

Հարմար տեղավորվել ենք թանգարանի սրահում դրված բազկաթոռներին, եւ թվում է՝ ժամանակի մեքենան մեզ տեղափոխել է մեկ այլ իրականություն, որտեղ դեռ ապրում են կենդաբանության դոկտոր, պրոֆեսոր Հայրապետյանի կիսատ մնացած երազանքներն ու նպատակները:

Ասում է՝ Արցախի կենսաբազմազանությունը մնաց թերի ուսումնասիրված։ Այնտեղ հարուստ կենսաբազմազանություն կա, բայց բուսական աշխարհի միայն որոշակի, ոչ լիարժեք ուսումնասիրություններ էին արվել, իսկ կենդանական աշխարհի ուսումնասիրություններն ինքն էր սկսել։

Դոկտոր Հայրապետյանի ուսումնասիրությունները վերաբերում էին Արցախի ձեռնաթեւավորների (այդպիսիք են, մասնավորապես, չղջիկները) տարածվածությանն ու էկոլոգիային։ Պատմում է, որ դա իր թեկնածուական ատենախոսության թեման էր, գիտական ղեկավարն էլ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի թանգարանի նախկին տնօրեն Էդուարդ Յավրույանն էր։

Արցախցի գիտնականը հիշում է, որ ձեռնաթեւավորների 364 թաքստոց էին հայտնաբերել Արցախում։ Դրանցից ամենախոշորը Ազոխի հայտնի քարանձավն էր։ Այդտեղ արձանագրել էին ձեռնաթեւավորների 6 տեսակ, որոնցից 5-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում: Պատմում է, որ բավականին նյութ էին կուտակել, թաց ցուցանմուշների տեսքով հավաքածուներ ունեին Արցախում։ Ընդ որում՝ 3 աշխատավայր փոխելով՝ իր ստեղծած հավաքածուները թողել էր այդ հաստատություններում՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում, Ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղում, Արցախի պետական համալսարանում։

Նպատակն Արցախում կենդանաբանների դպրոց ստեղծելն էր

1999 թ. Վահրամ Հայրապետյանն սկսել էր զբաղվել Արցախի կենսաբազմազանության ուսումնասիրություններով։ 2000 թվականից էլ սկսվել էր համագործակցությունը Հայաստանի գործընկերների հետ։ Ընդ որում՝ Հայրապետյանն արցախաբնակ առաջին կենսաբանական գիտությունների դոկտորն էր։ Ասում է՝ հաճելի փաստ էր, բայց եւ պարտավորեցնող։

Զրուցակիցս նշում է, որ երբ սկսել էին ուսումնասիրությունները, պարզվել էր, որ մինչ այդ Արցախի այդքան հարուստ կենսաբազմազանությունը կարգին ուսումնասիրված չի եղել։ Եվ դա, ըստ նրա, դեռ խորհրդային տարիներին հայտնի պատճառներ ուներ։ Մի կողմից՝ ադրբեջանցիները չէին ընդունում Հայաստանի գիտնականներին, որոնք պետք է ուսումնասիրություններ կատարեին Արցախի տարածքում, մյուս կողմից՝ իրենք լուրջ չէին վերաբերվում Արցախին։ Այդպիսով՝ Արցախի կենդանական աշխարհի վերաբերյալ հստակ տվյալներ չեն եղել։ Որոշակի հատվածական տեղեկություններ կային ադրբեջանական աղբյուրներում, բայց դրանք, Հայրապետյանի ասելով, հավաստի չէին։

Գիտնականը պատմում է, որ ինքն առաջին անգամ նկարագրել է Արցախում հայտնաբերված ռւ մինչ այդ չնկարագրված ձեռնաթեւավորների 16 տեսակ (ձեռնաթեւավորները կաթնասունների դասի առանձին կարգ են կենդանական աշխարհում), իսկ կաթնասունների ուսումնասիրության ընթացքում՝ 94 տեսակ կաթնասուն։ Հետագայում այդ թիվն աճեց։

Հետազոտական աշխատանքները նոր էին սկսել ակտիվանալ, երբ վրա հասավ 2023 թ. սեպտեմբերը։ Ուսումնասիրություններն այդպես էլ թերի մնացին։ Չհասցրին ուսումնասիրել Արցախի միջատները, ձկները, երկկենցաղները, թռչունները։

«Նպատակ ունեի Արցախում ստեղծել կենդանաբանների դպրոց: Ասպիրանտ ունեցա, որը զբաղվեց Արցախի Հանրապետության միջատակերներով: Հիանալի պաշտպանեց իր ատենախոսությունը Երեւանում: Իսկ այսօր ունենք հայցորդ, որն զբաղվում է թռչուններով: Իր թեման Ստեփանակերտի եւ քաղաքամերձ տարածքի կեռնեխների ուսումնասիրությունն է: Աշխատանքն ավարտին է մոտենում»,- նկատում է գիտնականը։

Վերջին օրն Արցախում

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Հայրապետյանները մի քանի փոքր մեքենաներով, խցկված, իրար գլխի հավաքված դուրս են եկել Ստեփանակերտից։ Տան դուռը բաց էին թողել, որ ադրբեջանցիները հանկարծ չջարդեն։ Տնամերձ հողամասը մշակված էր, ճագարներին էլ բաց էին թողել։ Այս վերջին պատկերները չի ուզում ո՛չ նկարագրել, ո՛չ հիշել։ Բայց դրանք անհնար է մոռանալ։

-Ոնց կարելի է մոռանալ: Մի ահավոր պատկեր է եղել: Հրաժեշտի պահն էր, որ պետք է բնօրրանիդ հրաժեշտ տաս, այն տարածքին, որտեղ ծնվել, մեծացել ես, այն տանը, որը ստեղծվել է քո ձեռքերով, կամ այն հատվածը, որտեղ հանգչում են քո հարազատները: Դժվար էր… Նյութապաշտ չեմ, եթե ասենք, որ էսօր էնտեղ կորցրել ենք բնակարան, ունեցվածք, իմ աչքին չեն երեւում։ Իմ աչքին երեւում են ծնողներիս շիրիմը, մեր բոլոր նահատակների գերեզմանները… Այսօր պետք է այնպես անենք, որ ՀՀ անկախությունը պահպանվի. եթե Հայաստանի անկախությունը կարողացանք պահպանել, հույս ունենք, որ Արցախը կկարողանանք վերադարձնել,- ասում է Վ. Հայրապետյանը։

Սա նրա երկրորդ տեղահանությունն էր։ Առաջին անգամ եղել է 1992 թ., երբ Մարտակերտից տեղափոխվել էին Ստեփանակերտ։ Բայց ասում է, որ այն ժամանակ այդքան ծանր չէր, քանի որ հետագայում կարողանում էր գնալ Մարտակերտ՝ իր հայրական տուն, իր հարազատների շիրիմին։ Իսկ հիմա ծանրությունն աննկարագրելի է։

-Վերադարձի հույս ունե՞ք,- հարցնում եմ:

-Չեմ էլ ուզում հույսս կորցնել։ Դեռ լուսավոր կետը չեմ կարողանում գտնել։ Վերադարձը միայն այն դեպքում է լինելու, երբ Հայաստանն ամուր լինի։ Իսկ եթե ամուր չեղավ, դժվար է։ Արդեն այլ խնդիր է լինելու։ Դրա համար սա օրակարգային պիտի լինի։ Մենք փորձում ենք հույսով ապրել, որ երբեւիցե հետ կգնանք մեր բնօրրան։

Գիտական հոդվածներ Արցախի մասին

2023 թ․ հոկտեմբերի 1-ից Վահրամ Հայրապետյանն աշխատանքի է անցել ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում, գիտական խմբի ղեկավար է։ Փորձում են Արցախում թողած աշխատանքների մի մասն այստեղ իրականացնել, գիտական հոդվածների վրա են աշխատում, որոնք առնչվում են Արցախին։ «Արցախի անունը պետք է պահել, պետք է հնչեցնել Արցախ անունը»,- նկատում է զրուցակիցս։

«Ես չեմ ցանկացել թողնել Արցախը, որովհետեւ իմ նպատակն Արցախում կենսաբանական գիտությունների զարգացումն էր, կենդանաբանների դպրոցի հիմնադրումը։ Իմ մտքով չի անցել լքել եւ դուրս գալ իմ հայրական օջախից»,- ասում է արցախցի գիտնականը։ Ժամանակին աշխատանքային առաջարկներ է ունեցել թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից, բայց երբեք չի մտածել Արցախը լքելու մասին։

Հիմա մտածում է Արցախը պահպանելու ճանապարհների մասին։ Դրանցից մեկը Արցախի բարբառն ու մշակույթը պահպանելն ու սերնդեսերունդ փոխանցելն է։ «Միայն թարմ ականջ ունենալու պարագայում կարող ենք լուծել վերադառնալու հարցը, իսկ եթե մոռացվի ամեն ինչ, կմոռացվի նաեւ Արցախը»,- նշում է նա։

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter