Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի 3 առաջնորդների ձերբակալության օրդեր է պահանջում
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներ Յահյա Սինվարի, Մուհամադ Դեյֆի և Իսմայիլ Հանիայի ձերբակալման օրդերներ տալ:
Դատախազ Քարիմ Խանի հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուն և Գալանտը քրեական պատասխանատվություն են կրում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կատարվել են Գազայի հատվածում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից:
Նրա պնդմամբ՝ Իսրայելի ղեկավարները պատասխանատու են սովի, դիտավորյալ ծանր տառապանքներ պատճառելու, սպանությունների, խաղաղ բնակչության դեմ հարձակումների, բնաջնջման, հետապնդումների և «անմարդկային այլ գործողությունների համար»:
Քարիմ Խանը նաև նշում է, որ հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդները քրեական պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի տարածքում և Գազայի հատվածում իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ ներկայացված մեղադրանքների թվում են բնաջնջումը, սպանությունները, պատանդ վերցնելը, սեռականացված բռնությունը, խոշտանգումները, գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Ըստ նրա՝ ՀԱՄԱՍ-ի բոլոր երեք առաջնորդները պատասխանատվություն են կրում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին խմբավորման ներկայացուցիչների կողմից իրականացված հարձակումների հետևանքով Իսրայելի հարյուրավոր քաղաքացիների սպանության համար։
Դատախազի միջնորդությունը պետք է քննարկեն Միջազգային քրեական դատարանի դատավորները։
Իսրայելը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Փոխարենը, Պաղեստինը Միջազգային քրեական դատարանի անդամ է։ Վերջինս Հռոմի ստատուտը վավերացրել է 2015 թվականին։
Կոլաժը՝ The Standart-ից
Մեկնաբանել