HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին տրվող վճարների դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին արվող վճարումների դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է իր աշխատանքը։ Այդ մասին, TACC-ի փոխանցմամբ, Կազանում ընթացող «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum»-ի շրջանակներում լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ 

«Դա ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է աշխատանքը»,- ասել է նա՝ պատասխանելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորման դադարեցման մասին հարցին։

Փոխնախարարը նշել է, որ ֆինանսական տեսանկյունից ՀԱՊԿ-ի գործունեության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ երկրները մի փոքր ուշացրել են վճարումները կամ մաս-մաս են վճարել: «Ռազմաքաղաքական տեսանկյունից ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի հետագա քաղաքականությունը որոշվելու է ինչպես այդ երկրի ազգային շահերով, որոնք նա պետք է լավ պատկերացնի ու հասկանա, այնպես էլ այդ երկրի սեփական անվտանգության ապահովման հնարավորություններով»,- ասել է Պանկինը։

«Չնայած տարբեր հայտարարություններին՝ Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ-ում հուսալի դաշնակիցներ են։ Հուսով եմ, որ մենք կհաղթահարենք այս պահը, և ՀԱՊԿ անդամ մեր հայ դաշնակիցները, որոնք չեն հայտարարել դուրս գալու կամ հարաբերությունները խզելու մասին, կրկին կլինեն միասնական շարքերում»,- շարունակել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վրա հույս դնել չի կարելի: Նրա խոսքով՝ ինքը պատասխաններ չունի հայ հասարակության այն հարցերին, թե ինչու է Երևանը պահպանում իր անդամակցությունն այդ կառույցին։ Վերջին երկու տարիներին Հայաստանը բազմիցս անտեսել է ՀԱՊԿ ձևաչափով հանդիպումները, գագաթնաժողովները և զորավարժությունները։

Պանկինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությանը։ Նրա կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին, իսկ Երևանը կշարունակի իր մասնակցությունն այդ կառույցին։

«Ես չեմ կարող Հայաստանի ղեկավարության փոխարեն որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, բայց որ սա փոխշահավետ գործընթաց  և նախագիծ է, դա միանշանակ է։ Վերջինս վիճակագրորեն հաստատված է Հայաստանի տնտեսության աճի տարբեր ցուցանիշներով»,- եզրափակել է Պանկինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter