«ՆԺԿ». «Իշխանությունները պարտավոր են անհապաղ ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին»
Մամուլում տեղ գտած ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը և ահազանգը` կալանքի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի հացադուլի և առողջական լուրջ խնդիրների վերաբերյալ, ևս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում իսպառ բացակայում են արդարադատության հիմնարար սկզբունքներից մեկի` օրենքի գերակայության կիրառման հավասար պայմանները բոլոր քաղաքացիների համար, հատկապես, երբ նրա նկատմամբ առաջադրված քրեական մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխության արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել:
Վարչախմբի նման գործելաոճին քաջածանոթ լինելով` ՆԺԿ-ն համարում է, որ օրվա իշխանավորների թողտվությամբ հաշվեհարդար է իրականացվում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ` նրան ապօրինի պահելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, և անթույլատրելի է համարում, երբ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրության հոդված 22-ի 5-րդ մասի պահանջն առ այն, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Ելնելով վերոգրյալից` ՆԺԿ-ն հայտարարում է.
Իշխանությունները պարտավոր են հարգել իրենց իսկ ընդունած իրավական փաստաթղթերը (փոփոխությունը ՀՀ Քր. օր-ում և համաներման որոշումը) և անհապաղ ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին:
«Նոր ժամանակներ» կուսակցության վարչություն
30 մայիսի 2011 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել