
ՌԴ-ն պատրաստ է մարտի դաշտում լուծել ուկրաինական ճգնաժամը, եթե Արևմուտքը դա է ուզում. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ ռազմի դաշտում լուծել ուկրաինական ճգնաժամը։ ՌԴ Դաշնային խորհրդում կայացած քննարկումների ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։
«Դա նրանց իրավունքն է։ Եթե ցանկանում են (ուկրաինական հիմնախնդիրը լուծել՝ խմբ.) ռազմի դաշտում, կլինի ռազմի դաշտում»,- Լավրովի խոսքերը մեջբերել է РИА Новости-ն։
Լավրովը նաև հավելել է, որ Ուկրաինայի հարցով Շվեյցարիայում կայանալիք խորհրդաժողովն անհրաժեշտ է միայն «Ռուսաստանին նոր վերջնագրի ձևավորման համար»:
«Արևմուտքը կենտրոնանում է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա և անտեսում խաղաղության այլ նախաձեռնությունները, այդ թվում՝ չինականը։ Խորհրդաժողովը <...> հանգում է նրան, որ վերահաստատվի Ռուսաստանին ուղղված վերջնագիրը: Գիտեք, դա նման է վատ աշակերտին ուսուցչական խորհրդի կանչելուն. իրար մեջ ամեն ինչ որոշում են, հետո կանչում աշակերտին ու հայտնում վճիռը: Այդպես չի կարելի խոսել ոչ մեկի, առավել ևս՝ մեր հետ»,- շարունակել է Լավրովը՝ ընդգծելով, որ եթե նախկինում Շվեյցարիան չեզոք երկիր էր, ապա այժմ անցել է Ուկրաինայի կողմը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին և 16-ին Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի մոտ գտնվող Նիդվալդեն կանտոնի Բյուրգենստոկ հանգստավայրում կկայանա Ուկրաինայի հարցով խաղաղության խորհրդաժողով։ Առանց Ռուսաստանի մասնակցության խաղաղության համաժողով առաջարկել էր կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սակայն շվեյցարական կողմը հրավիրել է նաև Ռուսաստանին՝ հավելելով, որ համանման հրավեր ուղարկվել է աշխարհի ավելի քան 100 երկրների։ Այդուհանդերձ Մոսկվան հրաժարվում է մասնակցել այս համաժողովին։ Ինչպես հայտարարել էր Շվեյցարիայում ՌԴ դեսպան Սերգեյ Գարմոնինը, «առանց Ռուսաստանի մասնակցության՝ Ուկրաինայում կարգավորման շուրջ ցանկացած խոսակցություն անիմաստ է»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան չէր հայտնել՝ արդյոք հայկական կողմը Շվեյցարիայից ստացել է նման հրավեր և արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է մասնակցել այդ համաժողովին։
«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ միջազգային որևէ համաժողովին մասնակցության վերաբերյալ հանրային տեղեկատվությունը հրապարակվում է պատշաճ ժամկետներում»,- ասված էր ԱԳՆ պատասխանի մեջ։
Լուսանկարը՝ Алексей Филиппов / РИА Новости
Մեկնաբանել