
Ղազախստանը հաստատել է մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմումը
Ղազախստանի իշխանությունները հաստատել են 2024 թվականի մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում 2024 թվականի մայիսի 10-ին»,- կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ղազախ դիվանագետը։
Ինչպես պարզաբանել է Սմադիյարովը, բանակցությունները փակ կլինեն, իսկ մամուլի ներկայացուցիչներին կհրավիրեն հանդիպման բացմանը:
Ապրիլի 29-ին նույն Սմադիյարովը հայտնել էր, որ Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս մտադիր չեն որպես միջնորդ հանդես գալ բանակցություններում։ Դրանք տեղի կունենան բացառապես երկու կողմերի միջև:
Ղազախստանի նախագահը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցերի ընթացքում կարևորել էր այդ երկրների միջև տևական խաղաղության հաստատումը: Տոկաևը նաև հայտարարել էր Ղազախստանի պատրաստակամության մասին՝ առաջարկելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել։
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել