Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Գամբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ու Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները։
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների ներկա բարձր մակարդակի կապակցությամբ, ընդգծվել է, որ Շուշիի հռչակագիրը ճանապարհային քարտեզի դեր է խաղացել երկկողմ համագործակցության համակողմանի զարգացման համար:
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են նաև Միջին միջանցքի կարևորությունը Արևելքի և Արևմուտքի միջև բեռնափոխադրումների կազմակերպման հարցում։
«Ընդգծվել է եղբայրական երկրների միջև համակարգված գործունեության ու փոխադարձ աջակցության շարունակման և ամրապնդման կարևորությունը, որտեղ թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները դրսևորվում են նաև բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել