HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատկերի որսորդը». Վայրի բնության լուսանկարիչ Բերտան

Ամսվա մեջ մի քանի անգամ լուսանկարիչ Բերտա Մարտիրոսյանը վերցնում է տեսախցիկը, ուսապարկը ու  ճանապարհվում դեպի անտառներ։ 

Բերտան զբաղվում է թռչունների մոնիթորինգով։ Աշխատում է թռչունների հաշվառման կազմակերպությունում։ Զուգահեռաբար, աշխատանքը դարձրել է հոբբի ու վերջին 4 տարիներին նկարում է վայրի բնության բնակիչներին՝ կենդանիներին ու թռչուններին։

Նրա աշխատանքը տարվա եղանակ չի ճանաչում։ Թռչուններ կան, որ Հայաստան են գալիս ձմեռելու։ Նրանց հանդիպելու միակ սեզոնը ձմեռն է։ Բերտան ճանաչում է բոլոր թռչուններին, գիտի նրանց մասին ամեն ինչ։ Ընթացող մեքենայի միջից կարողանում է նկատել ժայռերի վրա նստած թռչուններին։

Հաշվառման համար Բերտային մի քանի կարևոր մանրամասներ են պետք՝ թռչունները Հայաստանի համար ձմեռո՞ղ են, թե՝ չվող։ Հազվագյու՞տ են, թե՝ տարածված, և ո՞ր տարածաշրջաններում կարելի է գտնել նրանց։

«Երբ դու գնում ես դաշտ, դու արդեն գիտես, թե մոտավոր ինչ տեսակների կարող ես հանդիպել։ Օրինակ՝ թռչուններ կան, որ իրանց ամենասիրած նստելու վայրը քարն ա, եթե ուզում ես իրենց հանդիպել, պիտի փնտրես քարի վրա, տեսակներ կան, որ, օրինակ, գետնին՝ ծառի կողքն են լինում, սերմնակեր են, տեսակներ կան, որ մենակ ծառի վրա են լինում»,-պատմում է Բերտան։

Նրան հանդիպեցինք Վայոց ձորի անտառներում։ Գնացել էր մոնիթորինգի, նախորդ օրը արջեր, դեղնափորիկ մողես, տարբեր տեսակի թռչուններ, քարայծ էր նկարել։ 

Բնության գրկում մենակ զբոսնելն ու կենդանական աշխարհին ավելի մոտիկից ծանոթանալը նրա կենսակերպն է։ Ժամերով անտառներում միայնակ զբոսնելուց չի վախենում։ 

Ասում է՝ երբ մի բանի մասին շատ տեղեկություն ես ունենում, այն այլևս չի վախեցնում,  վախեցնողն անորոշությունն է։

Մոնիտորինգի համար նախապես տարածքներ են ընտրվում, որոնք բարենպաստ են ըստ սեզոնի, տարածքներ կան, որ որոշ սեզոնների՝ հիմնականում ձռանը փակ են, ճանապարհներն՝ անանցանելի։Նրա աշխատանքը մշտադիտարկում է ենթադրում, այսինքն՝ նույն տեղը կարող է մի քանի անգամ վերադառնալ, որպեսզի ցույց տա դինամիկան։

Բերտան նաև թռչնադիտարկման տուրեր է կազմակերպում։ Մարդիկ աշխարհի տարբեր  անկյուններից գալիս են թռչունների տեսակներին ծանոթանալու։

«Չես հոգնո՞ւմ»,-հարցնում ենք։ 

«Բնությունից չեմ հոգնում, մենակ երբեմն, երբ ուզում եմ ուղղակի պառկել գետնին ու թռչունների ձայնը լսել, չեմ կարողանում, ավտոմատ միանգամից մտածում եմ՝ տեսնես էս ո՞ր տեսակն է, որտե՞ղ է»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter