HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես փոխել պիտանիության ժամկետն ու հին մթերք վաճառել

Բելառուսական ապրանքներ վաճառող «Առ-բե ռետէիլ» ընկերության խանութների ցանցի նախկին աշխատակիցը «Հետքին» պատմել է, որ խանութների ցանցում վաճառվող մթերքի մեծ մասը ժամկետանց է։ Ժամկետները լրանալուց հետո աշխատողներին ստիպում են փոխել պիտանիության ժամկետները։

Ապրիլի 19-ին «Հետքը» «Առ-բե ռետէիլ» ընկերության ցանցի 2 մասնաճյուղից՝ Ազատության 24/3 և Գրիգոր Լուսավորիչ 12/10, գնումներ է կատարել։ Ձեռք բերված բոլոր ապրանքների պիտանիության ժամկետը սպառված էր։ Ազատության 24/3  հասցեի մասնաճյուղում ՀԴՄ կտրոն չեն տրամադրել։

Ռուզաննա Թադևոսյանն աշխատանք էր փնտրում։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն է տեսել, որ Աբովյան քաղաքում բացվող խանութին վաճառող է անհրաժեշտ։ Սկզբում 10 օր՝ նախքան Աբովյան քաղաքի մասնաճյուղի բացվելը, աշխատել է «Բելառուսական ապրանքներ» խանութների ցանցի Երևանի Գրիգոր Լուսավորիչ 12/10 մասնաճյուղում։ 2024 թվականի փետրվարի 10-ից, երբ Աբովյանի մասնաճյուղը բացվել է, տեղափոխվել է Աբովյան։

Ռուզաննան Աբովյան քաղաքից է, նրան հարմար էր խանութի աշխատանքը, քանի որ խանութը տան մոտ էր։ Աշխատանքն առավոտյան 10-ից երեկոյան 9-ն էր, որի համար, ըստ նախնական պայմանավորվածության, գործատուն պետք է նրան վճարեր 240 000 դրամ։

Խանութի ցանցի սեփականատերերը Բելառուսի քաղաքացիներ Ալեսյա Լեսնիկովան և Կիրիլլ Լեսնիկովն են, որոնք ամուսիններ են։

3 օր աշխատելուց հետո Ռուզաննան նկատել է, որ խանութում ժամկետանց և ժամկետի ավարտին մոտ ապրանք է վաճառվում։ Իր պատմելով՝ մի քանի անգամ տեղյակ է պահել ղեկավարությանը, պատասխանել են, թե պետք է այնպես անի, որ բոլոր ապրանքները վաճառվեն, ու եթե ապրանքի ժամկետը լրանում է եւ չի վաճառվում, դա աշխատակցի մեղքով է։

«Առաջին օրը, երբ խանութը դասավորում էինք, Երևանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցը եկել էր օգնելու, ասաց՝ էս դեսերտներիդ ժամկետը երկարացրեցի, ասեցի՝ ո՞նց թե, ո՞նց երկարացրիր, ասեց՝ դե հա, 3-ը 5 դարձրի սև մարկերով»,-պատմում է Ռուզաննան։

Նրա պատմելով, ցանցի աշխատողները ստիպված են եղել գրիչով փոխել պիտանիության ժամկետները, ացետոնով մաքրել դրանք։ Երշիկները, մսամթերքը, կիսաֆաբրիկատները հանել են ընդհանուր տոպրակներից, որտեղ նշված է եղել պահպանման ժամկետը, փոքր քաշերով կշռել են, նոր ամսաթիվ գրել ու դրել սառնարաններում, որպեսզի չերևա, որ ժամկետանց է։

Երբ Ռուզաննան Ալեսյա Լեսնիկովային ասել է, որ ուզում է աշխատանքից դուրս գալ, վերջինս ասել է, որ չի կարող, քանի դեռ իր փոխարեն նոր աշխատակից չեն գտել։

«Ինձ ասեցին՝ մենք խանութը քո հույսով ենք բացել, ո՞նց դուրս գաս, մինչև քո փոխարեն նոր աշխատող չգտնես, դուրս գալ չես կարող, ես էլ ստիպված մնացի ու մոտ երկու ամիս աշխատեցի, ստիպված մտել եմ էդ կեղտի մեջ, ես էլ եմ սկսել ժամկետներ փոխել, ես էլ եմ մտել այդ պատմության մեջ»,-պատմում է նա։

Մինչեւ ապրիլի 10-ը Ռուզաննան աշխատանքային պայմանագիր չի ունեցել։ Այդ օրը Ռուզաննայի ազատ օրն էր, Ալեսյան կանչել է խանութ ու աշխատանքային պայմանագիր կնքել, Ռուզաննան վերցրել է իր օրինակը, տանն ուսումնասիրել։ Նախնական բանավոր պայմանավորվածության և պայմանագրում առկա կետերում Ռուզաննան բազմաթիվ հակասություններ է գտել, օրինակ՝ աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, կազմելու էր 207 000, բայց ըստ բանավոր պայմանավորվածության՝ Ռուզաննային պետք է հարկերը հանած 240 000 վճարեին։ Լավ վաճառքի դեպքում գործատուն նաեւ հավելավճար էր խոստացել էր։ 

«Էդ խանութում ամեն ինչը ես էի՝ ապրանք ընդունող, մաքրուհի, վաճառող, հանգստի մի օր ունեի, դա փոխարինում էին այլ մասնաճյուղի աշխատակիցները, ինքն ինձ առաջին ամսվա համար՝ մարտին, վճարել էր 210 000, իսկ հաջորդ ամիս՝ 150 000՝ խոստանալով հետո վճարել մնացած մասը, որը մինչ օրս չեմ ստացել»,-պատմում է Ռուզաննան։

Այնուամենայնիվ, Ռուզաննա Թադևոսյանը որոշել է շարունակել աշխատել խանութում, սակայն պայմանագրի կնքումից հետո խանութի տարածքի սեփականատերը նրան հայտնել է, որ վարձակալը որոշել է մինչև մայիս հանձնել խանութի տարածքը։

Ռուզաննան այս մասին հարցրել է Ալեսյա Լեսնիկովային, վերջինս ասել է, որ եթե խանութը փակվի, իրեն կտեղափոխեն Դավթաշեն վարչական շրջանի մասնաճյուղ։

«Ես ասացի, որ համաձայն չեմ ու ուզում եմ դուրս գալ աշխատանքից, Ալեսյան նույն օրը ինձ ուղարկեց օնլայն մի թուղթ, ըստ որի՝ ինձ հետ պայմանագիրը խզել էր, բայց ասեմ, որ նախորդ պայմանագրում կնիք չկար, ասել էր, որ կնիքը մյուս մասնաճյուղում է, իմ պայմանագրի վրա միայն իր ստորագրությունն էր»,- ասում է նախկին աշխատակիցը։

Ապրիլի 12-ից Ռուզաննան այլևս աշխատանքի չի գնացել։ Ալեսյան էլ չի վճարել նրա այդ ամսվա աշխատավարձը։ Ռուզաննան որոշել է բարձրաձայնել կատարվածի մասին։

Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Առ-բե ռետէիլ» ՍՊԸ-ն  2018 թվականին հիմնադրել է Բելառուսի քաղաքացի Ալեսյա Լեսնիկովան։ 2020 թվականի մարտի 23-ին ընկերության 50 տոկոսի բաժնետեր է դարձել նրա ամուսինը՝ Կիրիլլ Լեսնիկովը։ Ընկերության գործունեության հասցեն է` Գրիգոր Լուսավորիչ 12/10, որտեղ նաև խանութների ցանցի մասնաճյուղերից մեկն է:

Ըստ «Առ-բե ռետէիլ» ՍՊԸ-ի կայքում առկա տվյալների՝ խանութների ցանցը 6 մասնաճյուղ ունի հետևյալ հասցեներով՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 / 10-1, Զաքարիա Քանաքեռցու 79/1, Գայի պող. 19/29, Մարգարյան փ. 22/52, Դավթաշեն, 1-ին զանգված 42/6, Էրեբունի Տիտոգրադյան 23։

Ռուզաննա Թադևոսյանին լսելուց հետո այցելել ենք խանութների ցանցի 2 մասնաճյուղ՝ Ազատության 24/3 և Գրիգոր Լուսավորիչ 12/10 և գնումներ կատարել։

Գրիգոր Լուսավորիչ 12/10 մասնաճյուղից ձեռք ենք բերել «Крыница» ապրանքանիշի «Старажытны Бачкавы» անվանմամբ կվաս, որի պիտանիության ժամկետը լրացել էր 2024 թվականի փետրվարի 21-ին։ Շշի վրա չկար նաև հայերեն մակնշում։

«Красный пищевик» ապրանքանիշի «Волшебная флейта» անվանմամբ շոկոլադե կոնֆետների պիտանիության ժամկետը լրացել էր գնման նախորդ օրը՝ ապրիլի 18-ին։ Շոկոլադե կոնֆետները վաճառվում էին 20% զեղչով։

Գնել ենք «АВС» ապրանքանիշի 2 բնական հյութ, որոնց հայերեն մակնշմամբ պիտանիության ժամկետն ու տուփի վրա առկա ժամկետը չէին համապատասխանում։

Ըստ հայերեն թարգմանութամբ մակնշման հյութը պիտանի է մինչև 12 ամիս, սակայն տուփերի վրա առկա պիտանիության ժակետներն այլ բան են ասում՝ հյութերն արտադրվել են 2023-ին և պիտանի են օգտագործման մինչև 2025 թվականը։ Ակնհայտ երևում է, որ գրիչով փոխել են ժամկետը՝ չնկատելով, որ անհամապատասախանություն է առաջացել։ 

«Молочный гостинец» ապրանքանիշի սերուցքի և կաթնային կոկտեյլի վրա բացակայում էր հայերեն մակնշումը, ինչպես նաև՝ գրիչով փոխված էր պահպանման ժամկետը։

Ազատության 24/3 մասնաճյուղից գնել ենք «Клуб Фарм-Эко» ապրանքանիշի կտավատի ձեթ, որի պիտանիության ժամկետը փոխված է, նախկին ժամկետի վրա նոր թուղթ են փակցրել, չնայած փոխված ժակետն էլ արդեն անցել էր փետրվարի 27-ին։

«Лидкон» ապրանքանիշի վարսակի փաթիլների պահպանման ժամկետը մաքրված էր։

Գնել ենք վակուումային փաթեթավորմամբ 126 գրամ քաշով եղնիկի միս, որի վրա որպես ժամկետ նշված էր՝ 09.04.2024։ Միսն ունի տարօրինակ գույն և հոտ։

«Городейский сахарный комбинат» ապրանքանիշի բալի ջեմի պահպանման ժամկետը սպառված էր ապրիլի 13-ին։

Գնել ենք նաև աղցաններ։ Leor ապրանքանիշի աղցանները չունեին պահպանման ժամկետ և հայերեն մակնշում։ Վերցրել էինք երկու տարբեր աղցաններ, որոնց պահպանման ժամկետը սպառվել էր ապրիլի 18-ին՝ գնման նախորդ օրը: Աշխատակիցը վերցրեց մեր ձեռքից աղցանները, տարավ սառնարանի մոտ և փոխարինեց դրանք 2 այլ աղցաններով, որոնց վրա պիտանիության ժամկետը նշված չէր։ Աշխատակիցն ասաց, որ ցանկանում է մեզ երրորդ աղցանը նվիրել, մեր գնած և նվեր ստացած աղցանների վրա բացակայում էին պահպանման ժամկետները և հայերեն մակնշումը։

Մեր գնած ապրանքները եզակի օրինակներ չեն, ցանցի խանութների ցուցափեղկերում կան բազմաթիվ ժամկետանց ապրանքներ:

Գնումներից հետո՝ նույն օրն այս մասին հայտնել ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Նրանք խոստացել են խանութների ցանցում ստուգումներ իրականացնել։

Փորձել ենք կապ հաստատել նաև «Առ-բե ռետէիլ» ՍՊԸ-ի ղեկավարության հետ։ Ալեսյա Լեսնիկովայի հեռախոսահամարն անհասանելի էր։ Հաղորդագրություն ենք գրել` տեղեկացնելով թեմայի մասին, նա ձայնային հաղորդագրությամբ պատասխանել է, թե Հայաստանում չէ, Վրաստանում է և կվերադառնա մեկ շաբաթից։

«Հետքը» որոշեց չսպասել Ալեսյա Լեսնիկովայի վերադարձին եւ հրապարակել նյութը առանց հետաձգման, քանի որ խոսքը ժամկետանց սննդի մասին է, որը կարող է բացասական հետևանքներ առաջացնել մարդկանց առողջության համար։

Խանութների ցանցում իրականացված գաղտնի նկարահանումները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter