Ռուս խաղաղապահների դուրս գալուց զատ փակվում է նաև Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը
Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն ավարտում է իր աշխատանքը: Այդ մասին թուրք լրագրողներին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը։
«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հետ համակարգմամբ շարունակվում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի առաքելության ավարտի աշխատանքները, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 30-ին Աղդամում՝ Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հուշագրի շրջանակներում՝ հրադադարի ռեժիմը վերահսկելու և Լեռնային Ղարաբաղում խախտումները կանխելու նպատակով»,- նշել է Աքթյուրքը։
Աշխատանքների ավարտի ժամկետների մասին նա ոչինչ չի նշել։
Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնապես նաև հայտնի դարձավ, որ Արցախից դուրս է բերվում նաև ռուսական խաղաղապահ զորակազմը։ Լուրը հաստատել էին Մոսկվայում և Բաքվում։ «Այո, դա իրոք այդպես է»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Այլ մանրամասներ նա չէր նշել։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից: «Մեր երկրի տարածքից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերելու մասին որոշումը, որոնք ժամանակավորապես տեղակայվել էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում (նկատի ունի Արցախը, խմբ.)՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա (Ադրբեջանում նոյեմբերի 9-ի փոխարեն 10 ամսաթիվն են օգտագործում, խմբ.), ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրագործելու համար»,- ասել էր Հաջիևը։
Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել