
ՌԴ զինված ուժերը հրաման են ստացել մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը. Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ռուսական ռազմական ղեկավարությունն իր զորքերին հանձնարարել է մինչև մայիսի 9-ը գրավել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը: Սիրսկիի հայտարարությունը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Սիրսկիի խոսքով՝ ռուսական բանակը ուժեր է կենտրոնացրել Բախմուտից արևմուտք ուկրաինական պաշտպանությունը ճեղքելու, Սևերսկի Դոնեց-Դոնբաս ջրանցք դուրս գալու, Չասով Յարը գրավելու և դեպի «Կրամատորսկի ագլոմերացիա հետագա առաջխաղացման համար» պայմաններ ստեղծելու համար:
«Հակառակորդի պլանների իրագործմանը խանգարում է մեր բրիգադների հերոսական պաշտպանությունը, որոնք բառացիորեն մխրճվել են հողի մեջ՝ զսպելով թշնամու ամենօրյա հարձակումները։ Միևնույն ժամանակ սպառնալիքը մնում է արդիական՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել իր զորքերի առաջ մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը»,- հայտարարել է Սիրսկին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել