
Իրանի հնարավոր պատասխանի պատճառով Իսրայելն ու ԱՄՆ-ն իրենց զորքերը բերել են բարձր պատրաստվածության վիճակի
ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները Մերձավոր Արևելքում իրենց զինված ուժերը բերել են բարձր պատրաստվածության վիճակի՝ առաջիկայում սպասելով Իրանի հնարավոր պատասխան հարվածներին, ինչը պայմանավորված է ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմամբ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։
Վերջիններիս տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իսրայելն իրենց զինված ուժերը բերել են բարձր պատրաստության վիճակի՝ պատրաստվելով Իրանի հնարավոր պատասխան գործողություններին: Իսրայելցի անանուն պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելի իշխանությունները արձակուրդից հետ են կանչել ռազմական ստորաբաժանումներում ծառայող զինվորականներին, պահեստազորայինների մի մասն էլ կանչվել է ՀՕՊ ստորաբաժանումներում ծառայության։ Բացի այդ, սկսել են լռեցվել նաև GPS ազդանշանները:
Իրանցի երկու անանուն պաշտոնյաներ էլ պարբերականին հաստատել են, որ Իսլամական Հանրապետությունն իր զինված ուժերը բերել է լիարժեք մարտական պատրաստության վիճակի այն բանից հետո, երբ որոշում է կայացվել, որ Իրանը «պետք է ուղիղ պատասխան տա Դամասկոսի հարձակմանը»՝ Իսրայելի կողմից ագրեսիայի հետագա զսպման համար:
Պարբերականը մեջբերում է նաև ամերիկացի ռազմական վերլուծաբանների գնահատականները, համաձայն որի՝ ամենայն հավանականությամբ, հարվածը կհասցվի Իսրայելին, այլ ոչ թե տարածաշրջանում գտնվող ամերիկյան զորքերին: Նշվում է, որ իսրայելցի փորձագետները կիսում են ամերիկացիների կարծիքը և Թեհրանից ակնկալում են ուղիղ պատասխան։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել