HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Դարբինյանի հետ կապվող ՍՊԸ-ն անորակ ճանապարհ է կառուցել

Լոռու մարզի Սարամեջ գյուղի ճանապարհը խորհրդային տարիներից հետո առաջին անգամ ասֆալտապատվել է 2023 թ-ին։ Ճանապարհաշինական ծրագիրն իրականացվել է այն բանից հետո, երբ 2021 թ.-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Սարամեջի գյուղացիներին հանդիպեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Գյուղացիների՝ ճանապարհը նորոգելու խնդրանքներին Փաշինյանն արձագանքել էր, որ քարոզարշավի ժամանակ նյութական խոստումներ տալն արգելված է։

Այնուամենայնիվ, Երևանից 93 կմ հեռավորության վրա գտնվող գյուղից Սպիտակ-Ապարան մայրուղու խաչմերուկն ընկած ճանապարհը ներառվեց նորոգման ենթակա ճանապարհների ցանկում։ 

2022 թ.-ին 4.3 կմ-անոց ճանապարհի հիմնանորոգման նպատակով 517 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ի հետ (հետագայում չնչին նվազեցում է կատարվել պայմանագրի արժեքում)։ Նորոգման աշխատանքների ընթացքում գյուղացիները մի շարք թերություններ են նկատել և պետական կառույցներից պահանջել են պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Մինչ ասֆալտապատումը՝ հողային աշխատանքների ժամանակ, գյուղացիներն արձանագրել էին, որ գրունտի փոխարեն ճանապարհի վրա հողային զանգված է լցվել։ Ասֆալտապատումից հետո ճանապարհի որոշ հատվածներում ճաքեր են առաջացել, որոնց հետեւանքով քանդվել է ասֆալտը։ Հետագայում ճանապարհին կարկատաններ են հայտնվել։

Սարամեջ գյուղում մեր նկարահանումների ժամանակ գյուղացիները ցույց տվեցին գյուղ մտնող հատվածում՝ կամրջի նորոգման ժամանակ տեղադրված օգտագործված եկաթբետոնե հենապատերը, որոշ հատվածներում՝ ջրահեռացման վաքերի բացակայությունը, գլխավոր փողոցից երկրորդական փողոցներ տանող հատվածների անորակ ասֆալտապատումը, հիմնական ճանապարհի վրա առաջացած ճաքերը և այլն։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ մեկ տարի տևած շինարարությունն ավարտվել և ճանապարհը շահագործման է հանձնվել 2023 թ.-ի դեկտեմբերին։ Պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետը 3 տարի է, այդ ընթացքում ի հայտ եկած թերությունները կապալառուն պարտավոր է իր միջոցներով վերացնել։ 

«Շինարարական աշխատանքների իրականացման սկզբնական փուլում հողային պաստառի վերականգնման աշխատանքներում ի հայտ են եկել նորմատիվային պահանջներից շեղումներ, որոնք աշխատանքների ընթացքում կապալառու կազմակերպության կողմից շտկվել և համապատասխանեցվել են նախագծի և շինարարական նորմերի պահանջներին։ Այժմ հիմնանորոգված երթևեկամասի ասֆալտբետոնե ծածկը, մայթերը, ջրահեռացման համակարգը և բոլոր էլեմենտները գտնվում են նորմատիվային վիճակում»,- հայտնել է փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Նորմատիվային վիճակում գտնվող ճանապարհի առկա վիճակը կարող եք տեսնել տեսանյութում։

Կապալառու «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019 թ.-ի դեկտեմբերին։ ՍՊԸ-ի միակ բաժնետեր Ռիմա Ղազարյանը «Վանաձորի բժշկական կենտրոնի» նախկին աշխատակից է (ներզատաբան)։ Ռիմա Ղազարյանը Վանաձորի նախկին, երկարամյան քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդու կինն է։ 2021 թ.-ին Ղազարյանը խորհրդանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր։ «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն հիմնադրումից ի վեր բազմաթիվ պայմանագրեր է կնքել պետական և համայնքային կառույցների հետ։ Դրանց մեջ տեսակարար կշիռ ունեն ճանապարհաշինական ծրագրերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter