
Մակրոնը հայտարարել է, որ «Վիլայաթ Խորասան» խմբավորումը փորձել է Ֆրանսիայում ևս ահաբեկչություններ իրականացնել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղերից մեկը՝ «Վիլայաթ Խորասանը», որն իր վրա էր վերցրել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, ավելի վաղ Ֆրանսիայում ահաբեկչություններ իրականացնելու մի քանի փորձ է արել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Վերջին ամիսներին հենց այս խումբն է մի քանի փորձ կատարել մեր երկրի տարածքում»,- Մակրոնի խոսքերը մեջբերել է BFM TV-ն։
Թե երբ և ինչպես են կատարվել այդ փորձերը ու քանիսն են եղել, Ֆրանսիայի նախագահը չի մասնավորեցրել։
Մակրոնը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին առաջարկել է «ընդլայնված համագործակցություն» ահաբեկչության դեմ պայքարում՝ «հաշվի առնելով ֆրանսիական հատուկ ծառայություններին հասանելի տեղեկատվությունը»: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ուղղակիորեն կխոսի Ռուսաստանի նախագահի հետ՝ Մակրոնն ասել է, որ շփումները կիրականացվեն սկզբում «տեխնիկական և նախարարական» մակարդակներում:
Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել էր, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույնի:
Արևմտյան պաշտոնյաները մտահոգություններ ունեն, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ, Փարիզում կարող են ահաբեկչական հարձակումներ տեղի ունենալ։
«Ես մտահոգություններ ունեմ Փարիզի Օլիմպիադայի հետ կապված։ Այն հրաշալի թիրախ կդառնա ահաբեկիչների համար»,- հայտարարել է ՄԱԿ-ի նախկին աշխատակից և Ահաբեկչության դեմ պայքարի նախագծի (Counter Extremism Project) գործող խորհրդական Էդմունդ Ֆիթոն Բրաունը։ Ինչպես պնդում է The New York Times-ը, նման կարծիքի են նաև ահաբեկչական սպառնալիքների ուսումնասիրմամբ զբաղվող ամերիկացի և եվրոպացի մյուս մասնագետները:
Լուսանկարը՝ Stoyan Nenov/Reuters
Մեկնաբանել