
«Հանցագործները գնում էին սպանելու, ինչպես ժամանակին նացիստները». Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստանցիներին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Պուտինի ուղերձի տեսագրությունը հրապարակվել է ահաբեկչական հարձակումից 19 ժամ անց: Տեսաուղերձը հեռարձակվել է Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներով։
Վլադիմիր Պուտինը «Կրոկուս»-ում տեղի ունեցածն անվանել է «բարբարոսական և արյունալի ահաբեկչական գործողություն»: Պուտինը խոստացել է, որ ահաբեկչությանը մասնակից բոլոր անձինք անպայման կպատժվեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բախվել է խաղաղ մարդկանց կանխամտածված զանգվածային սպանության հետ։
«Հանցագործները սառնասրտորեն և նպատակասլաց գնում էին հենց սպանելու, գնդակահարելու մեր քաղաքացիներին, մեր երեխաներին, ինչպես ժամանակին նացիստները, որոնք հաշվեհարդար էին տեսնում բռնազավթած տարածքներում։ Նրանք մտադրված էին ցուցադրական մահապատիժ կազմակերպել, ահաբեկման արյունալի ակցիա»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրագործած բոլոր չորս անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են: ՌԴ նախագահի խոսքով՝ կասկածյալները փորձել են թաքնվել և շարժվել դեպի Ուկրաինայի սահման։ Պուտինը պնդում է, որ ուկրաինական կողմից «պատուհան էր պատրաստվել», որպեսզի «ահաբեկչության մեջ կասկածվողները կարողանան հատել պետական սահմանը»:
Պուտինը նաև հավելել է, որ Ռուսաստանը «կպարզի և կպատժի յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների հետևում»: Նա նաև նշել է, որ մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր կհայտարարվի։
Պաշտոնական վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 115-ի։ Ավելի քան 120 մարդ վիրավորվել ու հոսպիտալացվել է։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել