
ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ ահաբեկչության կասկածյալները պատրաստվում էին փախչել Ուկրաինա, որտեղ «համապատասխան շփումներ էին ունեցել»
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Բրյանսկի շրջանում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալ: ԱԴԾ հայտարարությունը մեջբերել է РИА Новости-ն։
«Ահաբեկչության իրականացումից հետո հանցագործները փորձել են թաքնվել՝ մեքենայով շարժվելով դեպի ռուս-ուկրաինական սահման։ Հատուկ և իրավապահ մարմինների համակարգված գործողությունների արդյունքում մի քանի ժամվա տարբերությամբ Բրյանսկի շրջանում ձերբակալվել են բոլոր չորս ահաբեկիչները: Ներկայումս նրանք տեղափոխվում են Մոսկվա»,- ասված է հայտարարության մեջ։
Ռուսական հատուկ ծառայությունում պնդում են, որ ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել անցնել ռուս-ուկրաինական սահմանը, նրանք «համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում»:
ԱԴԾ-ում հավելել են, որ պարզում են ահաբեկչության բոլոր հանգամանքները։ Գերատեսչությունում հայտարարել են, որ հանցագործությունը մանրակրկիտ ծրագրված է եղել։ Ահաբեկիչների կիրառած զենքը գտնվել է նախապես պատրաստված թաքստոցում։
ԱԴԾ-ի տվյալներով՝ գործի շրջանակներում կասկածյալներից բացի ձերբակալվել է ևս յոթ մարդ։
Ահաբեկչության հետաքննությունը շարունակվում է։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի։ «112» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ զոհերի թիվը 100-ից ավելին է, տուժել է ավելի քան 200 մարդ։
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել էր այն մեղադրանքները, թե իբր Ուկրաինան ներգրավված է եղել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Մենք նման մեղադրանքները համարում ենք Կրեմլի ծրագրած սադրանք՝ ռուսական հասարակության մեջ հակաուկրաինական հիստերիայի հետագա սրման, մեր պետության դեմ հանցավոր ագրեսիային մասնակցելու համար Ռուսաստանի քաղաքացիների մոբիլիզացիայի ուժեղացման համար պայմաններ ստեղծելու և միջազգային հանրության աչքում Ուկրաինան վարկաբեկելու համար»,- ասված էր Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Զուգահեռաբար տելեգրամյան ալիքները հրապարակել են կասկածյալներից երկուսի լուսանկարները։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Бобылев
Մեկնաբանել