Դասերի ու դիրքի արանքում. աշխարհազորային ուսուցիչը
Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի դպրոցը մոտ 50 աշակերտ ուներ։ Դպրոցն աշխատում էր նույնիսկ 2022-2023 թթ. շրջափակման ժամանակ։ 2020թ.-ի արցախյան 44-օրյա պատերազմից հետո գյուղի դպրոցի ուսուցիչների մի մասը դասավանդելուն զուգահեռ նաև գյուղի դիրքերն էր պահում՝ գրանցված էին աշխարհազորում։ Վալերի Իսրայելյանը 2006թ.-ից Սարուշենի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում։ Նաև 310 դիրքի ավագն էր։ Ամեն հերթափոխի իրենց ջոկատով բարձրանում էին դիրքեր։
«Լինում էր, որ մի շաբաթով բարձրանում էինք, այդ ժամանակ մեր փոխարեն մյուս ուսուցիչները դասերը կազմակերպում էին»,- հիշում է Վալերին։ 2023-ի սեպտեմբերի 19-ին նա դպրոցում էր։
«Ժամը 11-ի կողմերը գյուղապետը` Կարենը, զանգեց, ասեց՝ իրավիճակը լուրջ ա, ադրբեջանցիք` մոտ 200 հոգի, ձորով գալիս են դեպի գյուղ»,- պատմում է Վալերին։ Հասկանալով, որ անհրաժեշտ է արագ գործել, Արտակ և Անդրեյ Իսրայելյանների հետ, առանց ժամանակ կորցնելու, զենք են ստացել և շարժվել գյուղապետի ասած ուղղությամբ։ Ժամը մեկի մոտակայքում հասնելով նշված դիրքը՝ մարտի են մտել գյուղի վրա հարձակվող ադրբեջանական զինուժի հետ։
«Ընթացքում գյուղից էլ տղերքը եկան։ Շարունակեցինք դիմադրել»,- ասում է Վալերի Իսրայելյանը։ Կռիվ տալով՝ առաջ են գնացել։ Սկսել են բարձրանալ բլուրը։ Վալերին մի պահ մնացել է ներքևում։ «Երբ բարձրացա, տղերքը, ովքեր էսօր չկան արդեն, մահացած էին։ Մենակ Վրեժն էր վիրավոր։ Տանջվում էր»,- հիշում է Վալերին։ Կանչել է Վրեժի հորը՝ Էրիկ Իսրայելյանին, որն աշխարհազորային չէր, բայց այդ պահին եկել էր դիրք՝ փոխօգնության։ Փորձել են հանել Վրեժին։ «Ես էլ էի ձեռքից վիրավորվել։ Փորձեցինք հանել վիրավորներին, բայց չկարողացանք»,- ասում է Վալերին։ Այդ դիրքում զոհվեցին նաև Գեղամ Ղազարյանը, Արսեն Ավշարյանը, Ռոբերտ Ավետիսյանը, Վալերի Գասպարյանը, Վարդան Իսրայելյանը և Արմեն Առստամյանը։ «3-4 ժամ դիմադրեցինք։ Չկարողացան մտնել գյուղ։ Դրանից հետո ուղղությունը փոխեցին, հարձակվեցին 311–ի վրա»,– ասում է Վալերին։ Այնտեղ նույնպես ուժեղ դիմադրություն են ցույց տվել սարուշենցիները։ «Գիտե՞ք ցավալին որն է, որ էդքան կռիվ տալուց հետո եկան ասեցին՝ հանձնեք զենքերը»,– ասում է Վալերին։ Սարուշեն գյուղի աշխարհազորը սեպտեմբերի 19-ին կարողացել է հետ մղել ադրբեջանական հարձակումը՝ հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով։ Չստանալով համալրում՝ 20-ի երեկոյան թողել են դիրրքերը։
2023թ.-ի սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանությունը, հազարավոր արցախցիներ լքեցին իրենց տները և տեղափոխվեցին Հայաստան։ Սարուշենցիներն այժմ ցրված ապրում են Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Վալերի Իսրայելյանը ընտանիքի հետ ապրում է Երևանում։ Դպրոցում աշխատանքի առաջարկ է ստացել, բայց դեռ չի աշխատում։ Վերջին մարտի օրը վիրավորում է ստացել. մոտակա քարերի վրա կրակոցների անդրադարձից ձեռքի մեջ քարե բեկորներ են մնացել։ Բժիշկներն ասել են՝ կհանեն, երբ սկսի նեղություն տալ։ Վալերին կատակում է. «Թող մնա, էլի, մեր Ղարաբաղի քարերն են»։
(«Հետք»-ն առաջիկայում ամբողջական նյութով կանդրադառնա Սարուշենի վերջին մարտերին)։
Տես նաև՝
Մեկնաբանել