HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2023-ի 5 ամսում «Սյունիք» օդանավակայանն սպասարկել է 207 ուղեւորի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը 2023 թ. 5 ամիսների (օգոստոս-դեկտեմբեր) ընթացքում սպասարկել է 207 ուղեւորի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ), որն իր հերթին տվյալները վերցրել է կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ից:

Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանն (IATA-ի կոդը՝ YUK, ICAO-ի կոդը՝ UDCK) սպասարկում է միայն ներքին՝ ներհայաստանյան չվերթեր, որոնք իրականացվում են Երեւան-Կապան-Երեւան երթուղով:

Ըստ ՔԱԿ-ի՝ նախորդ տարվա ընթացքում այս երթուղով իրականացվել է 23 չվերթ, այլ կերպ ասած՝ Կապանում կատարվել է 23 վայրէջք (Երեւան-Կապան) եւ նույնքան թռիչք (Կապան-Երեւան): Սակայն թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com-ի տվյալները հուշում են, որ դրանք ավելի շատ են եղել:

2023-ին Երեւան-Կապան առաջին թռիչքը եւ հետադարձ Կապան-Երեւան չվերթը կայացել են ապրիլի 26-ին: Սրանք կրել են տեխնիկական բնույթ, այսինքն՝ ուղեւոր չի տեղափոխվել:

Օգոստոսի 17-ին իրականացվել է Երեւան-Կապան առաջին ուղեւորատար թռիչքը, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիք: Օգոստոսի 19-ին էլ Երեւանից Կապան են թռել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը (այս հիմնադրամը «Սյունիք» օդանավակայանի կոնցեսիոներ ընկերության 50 %-ի սեփականատերն է), փոխնախարարներ:

Օգոստոսի 21-ից մեկնարկել են առեւտրային (կոմերցիոն) ուղեւորափոխադրումները Երեւան-Կապան-Երեւան երթուղով: Չվերթերն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին: Սակայն քանի որ դրանք կատարվում են վիզուալ թռիչքների կանոններով (VFR), որոնց համար պարտադիր պայման է բարենպաստ եղանակը, երթուղու վրա ոչ լավ եղանակային պայմաններում թռիչքներ չեն իրականացվում:

Եթե հաշվի առնենք նաեւ օգոստոսի 17-ի ու 19-ի չվերթերը, ապա, ըստ flightradar24.com-ի տվյալների, 2023 թ. ընթացքում կատարվել է Երեւան-Կապան-Երեւան երթուղով 26 չվերթ, այսինքն՝ 26 անգամ Երեւան-Կապան եւ նույնքան Կապան-Երեւան: Սա նշանակում է, որ նախորդ տարի «Սյունիք» օդանավակայանն ընդունել ու ճանապարհել է ընդհանուր 52 վայրէջք եւ թռիչք: Ամսական բացվածքը կարող եք տեսնել ստորեւ:  

YUK Flights: 2023
Infogram

Ինչ վերաբերում է 2024 թ., ապա այս տարվա սկզբից մինչեւ մարտի 11-ը ներառյալ, ըստ flightradar24.com-ի, Կապանի օդանավակայանն ընդունել է 8 չվերթ եւ ճանապարհել նույնքան, ընդհանուր՝ 16 վայրէջք եւ թռիչք (հունվարին՝ 4, փետրվարին՝ 4, մարտին՝ 8): ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ դրանցով տեղափոխված ուղեւորների թիվը 98 է:

Տես նաեւ՝

Լուսանկարը՝ primeminister.am կայքից, 17.08.2023

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter