
Հայաստանի հետ հարաբերություններում վերջին կես տարին հանգիստ է եղել. Հիքմեթ Հաջիև
Վերջին վեց ամիսները Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ամենահանգիստ ժամանակաշրջանն են։ Ըստ APA գործակալության՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Վերջին վեց ամիսները կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմության ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկը»,- Բաքվի XI գլոբալ համաժողովի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
Հաջիևի խոսքով՝ Հարավային Կովկասն այլևս չի ասոցացվում պատերազմների և մասնատման հետ։ «Այժմ այն համագործակցության և առաջ շարժվելու մտադրությունների տարածաշրջան է»,- նշել է Հաջիևը։ «Բոլորը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ականատեսն են դառնում։ Մենք ամեն ջանք գործադրում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Բոլորը կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք նաև ձգտում ենք նպաստել խաղաղությանը և ավելի սերտ համագործակցությանը: Մենք կցանկանայինք, որ Հարավային Կովկասի փորձը տարածվեր նաև այլ տարածաշրջաններում»,- շարունակել է նա։
Ալիևի օգնականն ասել է, որ այսօր Բաքուն նախագծեր է իրականացնում Վրաստանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ:
Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը սկսել է արտաքին քաղաքականության նոր մոտեցման իրագործումը՝ հավելելով, որ նոր փուլը կարող է բնութագրվել ռազմավարական համագործակցությամբ և Ադրբեջանի գլոբալ մասնակցությամբ։
Որպես օրինակ նա բերել է 2023-2025 թվականներին Բրազիլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի հյուրընկալման հանգամանքը։
Լուսանկարը՝ Trend գործակալության
Մեկնաբանել