HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ըստ մեղադրանքի՝ հրամանատարները չեն վերահսկել իրենց անձնակազմի տեղաշարժը, որի հետևանքով 73 զինծառայող զոհվել է

2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով Մարտունի-3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զորամասի հրամանատարը և ՊԲ օպերատիվ բաժնի պետն այժմ մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Գոռ Իշխանյանի և Նվեր Մարտիրոսյանի գործը քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Այսօր՝ մարտի 11-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպանը միջնորդեց, որ դատական նիստերն անցնեն առանց իր պաշտպանյալի։ Նախորդ դատական նիստին նման միջնորդություն էին ներկայացրել նաև Գոռ Իշխանյանի պաշտպանները։ Դատարանը երկու միջնորդություններն էլ բավարարել է։ Այսուհետ ամբաստանյալները դատական նիստերին չեն մասնակցի։

Հանրային մեղադրող Գ. Մղդեսյանը ներկայացրեց Գոռ Իշխանյանին և Նվեր Մարտիրոսյանի առաջադրված մեղադրանքները։

Ըստ մեղադրանքի՝ զորամասի հրանանատար Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատարի 2020թ. հոկտեմբերի 11-ի գաղտնի հրամանի համաձայն՝ մարտական խնդիր կատարելու համար պետք է մեկ հրաձգային վաշտ ուղարկեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ենթակայության ներքո Հադրութի շրջանի ճանապարհային խաչմերուկ՝ «9-րդ կմ» կոչվող տեղամաս։ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ մինչև ենթականերին հրաման տալը, Գոռ Իշխանյանը պարտավոր էր համակողմանիորեն գնահատել իրադրությունը, մանրակրկիտ ուսումնասիրել ՊԲ հրամանատարի կողմից տրված մարտական կարգադրությունը և իր կողմից տրվող մարտական կարգադրությունում պահպանել ՊՆ մարտական կանոնադրության դրույթները։

Մեղադրանքի համաձայն՝ Իշխանյանը մեկնող անձնակազմին չի տրամադրել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություն, բացի այդ, անձնակազմի կողմից՝ երթը սկսվելուց հետո որևէ եղանակով չի վերահսկել նրանց տեղաշարժը, ինչպես նաև միջոցներ չի ձեռնարկել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ։ 

«ՊԲ զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով հոկտեմբերի 11-ի կեսօրին անցել է «9-րդ կմ» կոչվող տեղամասը և հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են»,- ասված է մեղադրանքում։

Նման մեղադրանք է ներկայացվել նաև ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Նվեր Մարտիրոսյանին։

«ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանձնարարել է Նվեր Մարտիրոսյանին վաշտի երթի վերաբերյալ տեղեկատվությունը Կարեն Առուստամյանին փոխանցել, մինչդեռ Մարտիրոսյանը մինչ այդ և դրանից հետո միջոցներ չի ձեռնարկել ՊԲ 18-րդ հրաձիգային դիվիզիայի հետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ, չի կազմակերպել և վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը»,- նշված է Նվեր Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքում։

Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանն, անդրադառնալով մեղադրանքին, նշեց, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Գոռ Իշխանյանի պաշտպանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Գոռ Իշխանյանը կատարել է Ջալալ Հարությունյանի հրամանը, մյուս կողմից էլ անձնակազմը Կարեն Առուստամյանի մոտ պիտի գնար։

«Մինչև էդ երեխեքի տեղ հասնելը, էնտեղ գնացել ա հակատանկային դասակ, որը մինչև «9-րդ կմ» հասնելը ռմբակոծվել է, Կարեն Առուստամյանը գալիս, ասում է՝ անցեք պաշտպանության, մարտական կանոնադրության համաձայն՝ այդ ժամանակ ամբողջ ճանապարհը պետք է փակվեր, որ որևէ մեկը չկարողանա անցնել։ Կարեն Առուստամյանը, Ջալալ Հարությունյանը չորս ժամ առաջ իմացել են, որ ճանապարհը վտանգավոր է, ինչո՞ւ ճանապարհը չեն փակել... Էս պայմաններում մեր խնդիրն է վեր հանել յուրաքանչյուրի գործողությունների իրավաչափությունը»,- նշեց պաշտպանը։

Պաշտպանի խոսքով՝ ցուցմունքները կան, որոնց համաձայն՝ ճանապարհը փակ չի եղել։

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 20-ին՝ ժամը 09։30-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter