Վերջին դասը դիրքերում. Սարուշենի զինղեկը
Վարդան Ավանեսյանը 1992 թվականից Սարուշենի միջնակարգ դպրոցի զինղեկն էր։ Արցախյան այս գյուղը 2020 թ.-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, դարձել էր սահմանամերձ։ Հրադադարը Սարուշենի համար խիստ հարաբերական էր։ Այստեղ կրակոցները սովորական երևույթ էին դարձել։ Ավանեսյանը դպրոցականներին պատրաստում էր հայրենիքի պաշտպանությանը։
«Եթե պատերազմող երկիր ես, պիտի ուրիշ ձև դաստիարակես աշակերտին»,- ասում է նա։ Նոր ծրագիր էր մշակել։ Երեխաների հետ արտաժամյա դաշտային պարապմունքներ էր անցկացնում։
Սարուշենի դպրոցում էր աշխատում նաև Ավանեսյանի կինը՝ Էլլա Ավանեսյանը։ Նա մաթեմատիկա էր դասավանդում 1984 թվականից սկսած։
2023թ․-ի սեպտեմբերի 19-ին նրանք սովորականի պես դպրոցում են եղել։ «Մինչև ժամը 11-ը ամեն ինչ կարգին էր։ 11-ից հետո կրակոցներ լսվեցին։ Մեր ուսուցիչներից մեկը՝ Արտակը ասեց՝ համար մեկ են տվել։ Գնում են դիրքեր։ Դե ինքը աշխարհազորում էր գրանցված, ես՝ չէ։ Ես հետո միացա իրենց»,- պատմում է Վարդան Ավանեսյանը։ Քանի որ դպրոցում ապաստարան չի եղել, աշակերտներին ուղարկել է տուն։ Հետո ինքն էլ է զենք ստացել ու գնացել դիրքեր։
Գյուղի շրջակայքում 3 մարտական դիրք կար, որոնցից երկուսում մշտապես հերթապահում էին աշխարհազորայինները։ Սեպտեմբերի 19-ին հիմնական մարտերը տեղի ունեցան 311 դիրքում։ Այս դիրքում էր նաև Վարդան Ավանեսյանը։ «Ադրբեջանցիք որոշել էին շրջանցել մեր դիրքը և մտնել գյուղ։ Մերոնք կռահեցին նրանց մարտավարությունը և դեպի գյուղ տանող ճանապարհին՝ ձորի մեջ, դուրս եկան նրանց դիմաց»,- պատմում է Ավանեսյանը։ Սարուշենցիներն այդ ձորում կանգնեցրել են հակառակորդին՝ թույլ չտալով նրանց մտնել գյուղ։ Այս հատվածում սարուշենցիները 6 զոհ են տվել։ Զոհվել են Գեղամ Ղազարյանը, Վրեժ Գասպարյանը, Արմեն Գասպարյանը, Վալերի Գասպարյանը, Ռոբերտ Ավետիսյանը և Արտակ Իսրայելյանը, վերջինս՝ ճանապարհին։ Հանդիպելով ուժեղ դիմադրության եւ կորուստներ տալով՝ ադրբեջանցիք նահանջել են։ Սկսվել է ուժեղ հրետակոծություն։ Այդ ընթացքում ադրբեջանական մի խումբ էլ մտել է 311 դիրքը։ «Պետք էր անցնել հակահարձակման։ Այլևս ուշացնել չէր կարելի»,- ասում է Ավանեսյանը։ 4-հոգանոց խմբով գնացել են դիրք։ Երբ մոտեցել են դիրքին, խմբի անդամներին հրահանգել է մնալ իր թիկուքում, իսկ ինքը մոտեցել է խրամուղուն։ Նկատելով խրամուղում դիրքավորված ադրբեջանցիներին՝ կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Սկսվել է մերձամարտ։ Այդ պահին Ավանեսյանը նկատել է, որ իր հետևից եկել է նաև Արմեն Առստամյանը։ Նրանք միասին շարունակել են մարտը։ «Արմենը ինձնից 10 մետր հեռավորության վրա էր։ Դե, երիտասարդ էր, երևի մի քիչ էլ ազարտի էր ընկել, կրակում էր առանց թաքնվելու։ Ասում էի Արմե՛ն, կռացիր,Արմե՛ն, կռացիր։ Հետո շրջվեցի, տեսա պառկել ա։ Ուրախացա, մտածեցի լսել ա ինձ։ Բայց որ մոտեցա, հասկացա, որ մահացել ա»,- պատմում է Ավանեսյանը։ Արմեն Առստամյանի զոհվելուց հետո վիրավորվել է նաև Ավանեսյանը։ Վիրավորումը ծանր չի եղել, կարողացել է շարունակել մարտը։ Հետո, երբ արդեն բազմաթիվ վիրավորումներ է ունեցել, չի կարողացել մարտ վարել: «Պառկեցի մեջքի վրա ու Արտյոմին ասեցի, որ նռնակը նետի ձայնիս ուղղությամբ։ Մտածում էի՝ արդեն վերջ, իմ առաքելությունն ավարտված է։ Բայց նռնակը ինձնից մի քիչ հեռու ընկավ ու չվնասեց»։ Նռնակի պայթյունից հետո հակառակորդը նահանջել է և մինչ առավոտ հարաբերականորեն հանգիստ է եղել։
Ադրբեջացիների նահանջից հետո Վարդան Ավանեսյանին վիրակապել են, առաջին օգնություն ցույց տվել, ու տեղափոխել Ստեփանանկերտ։ Սեպտեմբերի 24-ին նրան պետք է վիրահատեին, սակայն բենզինի պահեստի պայթյունի պատճառով վիրահատությունը հետաձգվել է։
Սեպտեմբերի 27-ին մյուս վիրավորների հետ Վարդան Ավանեսյանին տեղափոխել են Երևան։ «Շենգավիթ» ԲԿ-ում նրան վիրահատել են։
Հիմա Սարուշենի նախկին զինղեկը ապրում է Արարատի մարզի Խաչփար գյուղում։ Դժվարությամբ է տեղաշարժվում, բայց հույս ունի նորից դասավանդել։ «Մինչև սեպտեմբեր հույս ունեմ՝ կկարողանամ զգաստ կանգնել։ Եթե զինղեկը չի կարողանում զգաստ կանգնել, նա իրավունք չունի հրաման տալ»,- ասում է Ավանեսյանը։
Սարուշեն գյուղը 2023թ․-ի սեպտեմբերի 19-20-ին ուժեղ դիմադրություն ցույց տվեց՝ կարողանալով հետ մղել հակառակորդի հարձակումը։ Մարտերի ընթացքում գյուղից զոհվել է 12 հոգի։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին, փոխօգնություն չստանալով և տեղեկանալով, որ ապահով տարհանվել են գյուղի վերջին պաշտպանները՝ թողել են դիրքը։
(«Հետք»-ն առաջիկայում կանդրադառնա Սարուշենի վերջին մարտերին՝ ամբողջական նյութով)։
Մեկնաբանել