HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հնդկական «HALCON»-ն սկսել է օդով ռազմավարական բեռնափոխադրումներ կատարել դեպի Հայաստան

Հնդկական «Indian Aerospace Defence News»-ը (IADN) երեկ հայտնեց, որ Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական նշանակության արտահանումներ իրականացնելու համար:

Ըստ այդմ՝ լոգիստիկ կապն ապահովելու է հնդկական երկու խոշոր ձեռնարկությունների՝ «HAL»-ի եւ «CONCOR»-ի կողմից ստեղծված «HALCON» համատեղ աշխատանքային խումբը: «IADN»-ն նշել է, որ այս նոր իրողությունը կուժեղացնի Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ առկա լոգիստիկ կապերը:

Վերջին տարիներին Հնդկաստանն, ըստ էության, դարձել է Հայաստանի խոշորագույն ռազմական մատակարարը: Հայաստանը մեծ գումարներ է ծախսում՝ հնդկական արտադրության ամենատարբեր զինատեսակներ ձեռք բերելու համար եւ արդեն դարձել է Հնդկաստանի ռազմարդյունաբերության խոշոր սպառող, ինչը չի կարող չգրավել հնդկական այս շուկայի խաղացողներին:

«HAL»-ը (Hindustan Aeronautics Limited) Հնդկաստանի պետական մասնակցությամբ ձեռնարկություն է, որը մասնագիտացած է ավիաշինական եւ պաշտպանական արդյունաբերության մեջ: Ընկերության պատմությունը սկսվում է 1940 թվականից: Կենտրոնակայանը գտնվում է Բանգալոր քաղաքում:

«CONCOR»-ը (Container Corporation of India Limited) եւս պետական մասնակցությամբ ընկերություն է, որն իր հերթին մասնագիտացած է կոնտեյներային փոխադրումների մեջ: Հիմնադրվել է 1988-ին, կենտրոնակայանը Նյու Դելիում է:

«HALCON» աշխատանքային խումբը գոյություն ունի 10 տարուց ավելի, սակայն «India Defence»-ը երեկ հայտնել է, որ այն զգալի առաջընթաց է գրանցել՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան տեղափոխելով ռազմավարական նշանակության բեռ: Թե կոնկրետ ինչ բեռի մասին է խոսքը, չի նշվում:

Դեպի Հայաստան բեռնափոխադրումների առաջին չվերթը, որը կայացել է «HAL»-ի «ՄիԳ» ինքնաթիռների կոմպլեքսի ղեկավար Սակետ Չատուրվերդիի ներկայությամբ, ըստ «India Defence»-ի, ազդարարում է Հնդկաստանի լոգիստիկ կարողությունների եւ ռազմավարական արտահանման հավակնությունների նոր դարաշրջանի մասին:

Չնայած կոնկրետացում չկա, թե երբ է տեղի ունեցել չվերթը, հնդկական կայքում առկա լուսանկարը հուշում է, որ բեռնափոխադրումն իրականացրել է ռուսական «Gelix Airlines»-ի «Իլ-76ՏԴ» բեռնատար ինքնաթիռը:

«Հետքը» կարողացել է պարզել, որ խոսքը RA-76360 գրանցումով բորտի մասին է, որը մարտի 4-ին հնդկական Նաշիկ քաղաքի օդանավակայանից թռել է Երեւանի «Զվարթնոց»: Հաջորդ օրը օդանավը վերադարձել է Նաշիկ: Մարտի 6-ին նույն ինքնաթիռը Նաշիկից կրկին ժամանել է Երեւան, իսկ ամսի 7-ին ուղղություն վերցրել դեպի Մոսկվա:

Նաշիկի օդանավակայանը պատահական վայր չէ: Այն կառուցվել է «HAL»-ի կողմից 1964-ին, երբ «HAL»-ի օդանավերի ստորաբաժանումն այստեղ խորհրդային «ՄիԳ-21» կործանիչների լիցենզավորված արտադրություն է սկսել: Նաշիկում են արտադրվել/արտադրվում նաեւ «ՄիԳ-27» կործանիչ-ռմբակոծիչների եւ «Սու-30» կործանիչների հնդկական մոդիֆիկացիաները:

Օդանավակայանը ներկայում ծառայում է թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ավիացիային: Այսպես՝ «HAL»-ը Նաշիկում մշակում, թեստավորում եւ արտադրում է օդանավեր Հնդկաստանի զինված ուժերի համար: Օդանավակայանը նաեւ տեխսպասարկման կայան է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի օդանավերի համար, ինչպես նաեւ այստեղից կատարվում են առեւտրային բեռնափոխադրումներ, որոնց մեկնարկի մասին «HAL»-ը հայտարարել էր 2011 թ.: Այս բեռնափոխադրումների պատասխանատուն հենց «HALCON»-ն է: Նշվածներից բացի՝ «IndiGo» ավիաընկերության կողմից իրականացվում են ուղեւորատար չվերթեր դեպի Հնդկաստանի տարբեր քաղաքներ:  

Ինչպես նշում է «India Defence»-ը, «HALCON»-ի՝ ռազմավարական նշանակության բեռներ տեղափոխելու նախաձեռնությունն առաջ է եկել աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, որոնք ընդգծում են առաքումների անվտանգ եւ արդյունավետ շղթաների գլոբալ պահանջարկը: ««HAL»-ի եւ «CONCOR»-ի համագործակցությունը ցույց է տալիս Հնդկաստանի վճռականությունը՝ օգտագործել հնարավորությունները զարգացող շուկաներում, հատկապես ռազմավարական նշանակության այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին Հայաստանն է»,- գրում է «India Defence»-ը:

Միջազգային բեռնափոխադրումների փորձագետներից մեկը կայքին հայտնել է, որ «HALCON»-ի մուտքը ռազմավարական նշանակության ավիաբեռնափոխադրումների ոլորտ ցույց է տալիս Հնդկաստանի՝ վստահելի լոգիստիկ ցանցեր զարգացնելու ձգտումը՝ ի պատասխան գլոբալ փոփոխությունների: Ըստ փորձագետի՝ «HALCON»-ը հավանաբար վճռական դեր կխաղա Հնդկաստանի ընդհանուր առեւտրի աճի եւ այդ երկրի կողմից ռազմավարական ընդգրկում ունենալու տեսանկյունից:

Հայաստանի վերաբերյալ «India Defence»-ը նկատում է, որ մեր երկրի տեղադիրքը կամուրջ է ծառայում Եվրոպայի ու Ասիայի միջեւ, ինչը Հայաստանը գրավիչ շուկա է դարձնում հնդկական ապրանքների եւ ծառայությունների համար: «Հայաստանի զարգացող տնտեսությունն ու Հնդկաստանի հետ ընդլայնվող առեւտրային կապերը պարարտ հող են ստեղծում երկկողմ փոխանակումների ընդլայնման համար»,- նշում է «India Defence»-ը:

Մեկ այլ փորձագետ հնդկական կայքին հայտնել է հետեւյալը. ««HALCON»-ի ինտեգրված հնարավորությունները (նկատի ունի «HAL»-ի ավիաշինական ու պաշտպանական, ինչպես նաեւ «CONCOR»-ի լոգիստիկ կարողությունները - «Հետք») հստակ առավելություն են տալիս ռազմավարական բեռնափոխադրումների ժամանակ դեպի այնպիսի կարեւոր շուկաներ, ինչպիսին Հայաստանն է: «HAL»-ի տեխնոլոգիական առավելություններն ու «CONCOR»-ի լոգիստիկ ցանցը կստեղծեն արտահանումների օպտիմալ, անվտանգ եւ հուսալի ուղի»:

Ըստ էության, Հնդկաստանը դեպի Հայաստան կատարվող ռազմական մատակարարումները փորձում է դարձնել ավելի անվտանգ ու հուսալի՝ հաշվի առնելով ցամաքային ու ծովային ճանապարհով արտահանման վրա ծախսվող երկար ժամանակը, ինչպես նաեւ, ինչը գուցե ավելի կարեւոր է, Հայաստանի ոչ բարեկամ երկրների կողմից ստեղծվող ու ստեղծվելիք խոչընդոտները վերգետնյա փոխադրումների պարագայում:

Լուսանկարները՝ «IADN»-ի ֆեյսբուքյան էջից եւ defence.in-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter