Պաշտոնաթող գնդապետը պնդում է, որ Հայաստանը հերթական խոշոր ռազմական գործարքն է կնքել Հնդկաստանի հետ
Հնդկական մամուլը, նոյեմբերի 9-ին հղում անելով տեղական «Bharat Forge» ընկերության տարածած հաղորդագրությանը, նշեց, որ վերջինիս ռազմարդյունաբերական դուստր ձեռնարկությունը՝ «Kalyani Strategic System»-ը, 155 մմ տրամաչափով հրանոթների արտահանման պատվեր է ստացել, որը պետք է կատարվի առաջիկա 3 տարում: Գործարքի գինը 155,5 մլն դոլար է:
Չնայած «Bharat Forge»-ը չի հայտնել, թե ով է պատվիրատուն, նշել է, որ զինտեխնիկան առաքվելու է ոչ կոնֆլիկտային գոտի՝ հավելելով, որ սա Հնդկաստանի կառավարության՝ սեփական նախագծման ու արտադրության առաջատար պաշտպանական տեխնոլոգիաներն արտահանելու շարունակական ջանքերի վառ ապացույց է:
Իր հերթին հնդկական «Business Standard»-ը գրել է, որ այդ երկրի ՊՆ-ում իր աղբյուրների տեղեկացմամբ՝ գնորդը Հայաստանն է, եւ խոսքը 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանքների (ԻՀԿ) մասին է:
ԻՀԿ-ն հրետանու տեսակ է, որի հրանոթը մոնտաժված է թրթուրավոր կամ անվավոր շասսիի վրա (չպետք է շփոթել տանկի, դեսանտի մարտական մեքենայի (ԴՄՄ), հետեւակի մարտական մեքենայի (ՀՄՄ) կամ զրահափոխադրիչի (ԶՓ) հետ):
«Business Standard»-ի հոդվածի հեղինակը Աջայ Շուկլան (Ajai Shukla) է, որը թոշակի անցած գնդապետ է եւ այժմ սյունակ է վարում ու լուսաբանում անվտանգային ոլորտը Հարավային Ասիայում ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Շուկլան գրում է ոչ միայն «Business Standard»-ի, այլեւ «The New York Times»-ի, «Guardian»-ի, «BBC»-ի, «Al Jazeera»-ի ու «South China Morning Post»-ի համար: Նա նաեւ ունի իր կայքը:
Պաշտոնաթող գնդապետի աղբյուրները Հնդկաստանի ՊՆ-ից նշել են, որ ռազմական պատվերի մասին ինֆորմացիան հանրայնացվել է, քանի որ դա բխում է Հնդկաստանի արժեթղթերի եւ բորսաների խորհրդի (SEBI) սահմանած կարգավորումներից (նման տեղեկությունը կարող է ազդել բաժնետոմսերի գնի վրա): «Bharat Forge»-ն իր դուստր ձեռնարկության ստացած պատվերի մասին տեղեկությունները հրապարակավ փոխանցել է Բոմբեյի բորսային, ինչից էլ օգտվել են լրատվամիջոցները:
Ըստ «Business Standard»-ի կամ, ավելի ճիշտ կլինի ասել, գնդապետ Շուկլայի՝ եթե հիմք ընդունվի «Bharat Forge»-ի հայտարարած արժեքը՝ 155,5 մլն դոլար, ապա հայկական պատվերը պետք է որ ներառի 155 մմ տրամաչափով ԻՀԿ-ների 4-5 գունդ, որոնցից յուրաքանչյուրում կա 18-20 կայանք, այսինքն՝ ընդհանուր 72-ից մինչեւ 100 հատ ԻՀԿ:
Հեղինակը նաեւ նշում է, որ «Bharat Forge»-ն ինքնագնաց հրետանու ոլորտում խոշոր խաղացող է դառնում, ինչպիսին մեկ այլ հնդկական ընկերություն է՝ «Tata Advanced Systems Limited»-ը (TASL): Երկուսն էլ համագործակցում են Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) հետ 155 մմ տրամաչափ ունեցող «ATAGS» քարշակվող հաուբիցը թողարկելու հարցում: Աջայ Շուկլայի փոխանցմամբ՝ սա ավելի ծանր, հզոր ու հեռահար զենք է, քան նույն տրամաչափի ԻՀԿ-ն: Սակայն նշված երկուսը «Bharat Forge»-ի արսենալի մի մասն են միայն:
Իր հերթին հնդկական «The Print»-ը գրել է, որ ռազմարդյունաբերական ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ «Bharat Forge»-ի դուստր ընկերությունը՝ «Kalyani Strategic System»-ը, 155,5 մլն դոլարի այս պատվերը հավանաբար ստացել է Մերձավոր Արեւելքի երկրներից մեկից: «The Print»-ի փոխանցմամբ՝ 2020-ին Սաուդյան Արաբիան փորձարկել է «Bharat 52»-ը, որը 155 մմ տրամաչափ ունեցող, քարշակվող հաուբից է, իսկ հեռահարությունը 41 կմ է («ATAGS»-ինը 48 կմ է): Սաուդցիները փորձել են նաեւ նույն արտադրողի «Garuda 105» ԻՀԿ-ն, որն անվավոր շասսիի վրա տեղադրված 105-մմ հաուբից է:
«Bharat Forge»-ն ունի նաեւ 155-մմ այլ հրանոթներ, բայց դա էլ ամենը չէ, քանզի այս ընկերության ռազմարդյունաբերական պորտֆելը ներառում է նաեւ «Kalyani M4» զրահապատ ամենագնացները, որոնք կիրառվում են հնդկական բանակում:
«The Hindu»-ն գրել է, որ Գանդինագար քաղաքում վերջերս անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ «Bharat Forge»-ի հրանոթների հանդեպ մեծ հետաքրքրություն է եղել Հարավարեւելյան Ասիայի եւ Աֆրիկայի երկրներից: Բացի դրանից՝ ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ արդեն իսկ պայմանավորվածություններ ունեն «Kalyani M4»-ի արտահանման համար:
Հիշեցնենք, որ այս ցուցահանդեսին մասնակցել է նաեւ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը:
Հնդկական պարբերականները հիշեցնում են, որ 155,5 մլն դոլարի պատվերը իրենց ռազմարդյունաբերությունը ստացել է մեկ այլ խոշոր գործարքից հետո: Խոսքը 245 մլն դոլար արժեցած համագործակցության մասին է, որի շրջանակներում հնդկական կողմն առաջիկայում Հայաստանին է փոխանցելու «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ, ինչպես նաեւ զինամթերքի տեսականի։ 2020-ին էլ մեր երկիրը Հնդկաստանին պատվիրել էր 4 հատ «Swathi» հակահրետանային ռադար, որոնք, ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալների, առաքվել են 2021-ին։ Այս գործարքն էլ արժեցել էր մոտ 40 մլն դոլար:
Այսպիսով՝ Հայաստանն աստիճանաբար դառնում է հնդկական զենք-զինամթերքի խոշոր սպառող:
Տես նաեւ՝
Առաջին լուսանկարում՝ «Bharat Forge»-ի 155-մմ ինքնագնաց հրետանային կայանքը
Մեկնաբանել