HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անորոշ վիճակում ենք, չգիտենք՝ ինչ է լինելու». արցախցի 10 հոգանոց ընտանիքն ապրում է Նուռնուսում

Սեպտեմբերի 25-ին Լյուդմիլա Մարգարյանը փակել է Կարմիր Շուկա գյուղի իր տան դուռն ու հարևանի մեքենայով ճանապարհվել Ստեփանակերտ՝ դուստրերի մոտ։ Հարևանը նախատել է. «Այ կնիկ, դուռն ինչի՞ ես փակում, արագացրու, էսա, պրծավ, վերջն ա»։ Մինչև Ստեփանակերտ հասնելը, ամբողջ ճանապարհին վերհիշել է Վարանդայից (Ֆիզուլի) 1988 թվականի տեղահանումը, ապա՝ 44-օրյա պատերազմը, որի ժամանակ փեսան զոհվեց, բայց մտածել է, որ էլի կվերադառնա, ինչպես 2020-ին։

Սեպտեմբերի 19-ի գիշերը Լյուդմիլան կրակոցի ձայներ է լսել։ «Առավոտը հարևանիս ասացի՝ Էլին, գիշերը դու՞ք էլ եք կրակոցի ձեներ լսել, ասեց՝ հա։ Ամուսինն էլ ծառայող ա, տագնապով պոստեր են կանչել, գնացել ա, հասկացա, որ նորից կռիվ ա սկսվել»,-պատմում է Լյուդմիլան։

Կեսօրին մոտ չդադարող կրակոցներ են սկսվել, գյուղի շրջակա սարերից՝ պայթյունի ձայներ լսվել։ Լյուդմիլայի տունը դպրոցի մոտ էր, հիշում է, թե ինչպես էին աշակերտներն ու ծնողները խուճապահար այս ու այն կողմ վազում։ Լյուդմիլան հարևանների հետ ապաստանել է դպրոցի նկուղում։ Հաջորդ օրը գյուղի բնակիչները տարհանվել են ավելի ապահով վայր՝ Ծվատեղ կոչվող տեղամաս։

«Սեպտեմբերի 24-ին մեզ ասեցին՝ վիճակը խաղաղ ա, կարող եք ձեր տները վերադառնալ, ես էլ իմ տունը շատ եմ սիրում, ուրիշ տեղ մի ժամից ավել չեմ ուզում, թե մնամ։ Ոտքով ճանապարհ ընկա, տեգորս աղջիկն ասեց՝ ես էլ եմ գալիս։ Ոտքով Ծվատեղից հասանք Կարմիր Շուկա։ Գյուղը խաղաղ էր։ Գազ չկար, լույս չկար, կապ չկար, բայց տանն էինք, էդ մեծ բան էր»,-պատմում է Լյուդմիլա Մարգարյանը։

Այդ օրը տանն է գիշերել ու չի մտածել, որ հաջորդ առավոտ ստիպված է լինելու ընդմիշտ լքել գյուղը։

Առավոտյան հարևանուհին ասել է, որ 5 րոպե ժամանակ ունի, ամուսնուն դիրքերից իջեցրել են, պիտի լքեն գյուղը։

Բավարար բենզին չի եղել, մեքենայով մի կերպ հասել են Գիշի գյուղ, որտեղ բենզին են գտել ու հասել Ստեփանակերտ։

Ստեփանակերտում Լյուդմիլան միացել է դուստրերին։

44-օրյա պատերազմում՝ 2020-ի հոկտեմբերի 2-ին, Ջրականում զոհվել է Լյուդմիլայի ավագ դստեր՝ Լուսաբերի ամուսինը՝ Ալեքսանդր Բաբայանը։ Նույն օրը վիրավորվել է կրտսեր դստեր՝ Մարոյի ամուսինը՝ Իվան Բաբայանը։ 

Ստեփանակերտում մարդիկ խումբ-խումբ հավաքվում էին տարբեր տեղերում։ Լյուդմիլան դուստրերի ընտանիքների հետ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեում էր։ Վերջին օրերին արցախցիներն իրենց ունեցած սնունդը դնում էին դրսում, որպեսզի չունեցողները վերցնեն։ Լյուդմիլայի թոռները մի պարկ ալյուր էին  գտել։ Ավագ դստեր՝ Լուսաբերի որդին փռում էր աշխատում, գտած ալյուրով հաց են թխել ու բաժանել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի մասնաշենքում ապաստանած արցախցիներին։

«Էդ օրերին Ստեփանակերտում կառավարությունից ասում էին՝ բանակի ավտոները վերցրեք, ով ուզում ա, ձեր ընտանիքները հանեք, թոռներս փեսայիս հետ բանակի մարդատար մեծ ավտոբուս էին գտել, բայց անսարք էր, երկու օր ժամանակ էին ծախսել, նորոգել ու 40 հոգով՝ Կարմիր խաչի շենքի ժողովրդով ճանապարհ ենք ընկել դեպի Հայաստան։ Մենք 10 հոգի էինք, 30 հոգի էլ՝ տարբեր ընտանիքներից մարդիկ»,-պատմում է Լյուդմիլան։

48 ժամ անց հասել են Վայք։ Մեկ ամիս ապրել են հարազատներից մեկի տանը։ Լյուդմիլայի 4 թոռները՝ Լեոն, Արարատը, Սերգեյը, Ֆելիքսը մեկ ամիս քնել են այն ավտոբուսում, որով Արցախից եկել էին։ Այն կայանել էին հարազատներից մեկի բակում։ 

Հետո Ռազմական ոստիկանությունից եկել ու տարել են ավտոբուսը։

«Ես հասկանում եմ, կարգն էդպես է, չէր կարող բանակի մեքենան մեզ մոտ մնալ, բայց դե դա մեր սենյակն էր։ Շատ փնտրելուց հետո գտանք էս տունը՝ Նուռնուսի ամառանոցներում, որ տեղի առումով շատ անհարմար է, տրանսպորտ չկա»,-ասում է Լյուդմիլան։

Լյուդմիլայի 5 թոռներն ուսանողներ են, որոնք սովորում էին Արցախի տարբեր բուհերում և քոլեջներում, տեղահանումից հետո ամեն օր Երևան դասի գնալ չեն կարող, ֆինանսական միջոցներ չունեն։ 

Լյուդմիլայի որդին, որ մինչև շրջափակումն էր դուրս եկել Արցախից, չի ստանում Հայաստանի կառավարության սահմանած աջակցությունը։ Աջակցության ծրագրերից չի օգտվում նաև կրտսեր փեսան՝ Իվանը։ Նա Արցախի շրջափակումից առաջ Երևան էր եկել, սակայն վերադարձել էր ընտանիքի մոտ։ Բայց, Լյուդմիլայի խոսքով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից ասել են՝ քանի որ Արցախում չի եղել շրջափակման ժամանակ, չի կարող աջակցության ծրագրի շահառու դառնալ։

«Եթե չի եղել, բա ո՞նց է բանակի մեքենայով 40 հոգու դուրս բերել, էդ հարցին չեն պատասխանում, ինքը վերադարձել է, հո 9 ամիս ընտանիքին մենակ չի՞ թողել, հետ է եկել, հետո մեզ էլ դուրս բերել»,-ասում է Լյուդմիլան։

Տունը, որտեղ վարձով ապրում է Լյուդմիլայի ընտանիքը, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում է։ Այն նախկինում որպես ամառանոց է ծառայել։ Լյուդմիլան ասում է, որ տանտերը պատրաստվում է վաճառել այն, իրենք պետք է նոր տուն փնտրեն։ Տան վարձը 160 000 դրամ է։ Լյուդմիլան Արցախում ռեստորանում և հարսանյաց սրահում աշխատում էր որպես խոհարար։ Նուռնուսում աշխատատեղ չկա։ Բնակավայրը նաև հասարակական տրանսպորտ չունի, ինչը դժվարացնում է նրանց ելումուտը։

Լյուդմիլան չգիտի, թե դեռ ինչքան կարող են վարձով ապրել։ «10 հոգու համար ամեն մեկին 50 000 աջակցությունը շատ քիչ է, այն դեպքում, երբ ընտանիքի անդամներից 2֊ը աջակցություն չեն ստանում, 400 000 դրամով պիտի 10 հոգի ապրի, տան վարձ, կոմունալներ վճարեն, ուտեն, չգիտեմ՝ ինչ կլինի։ Անորոշ վիճակում ենք, չգիտենք ինչ անել»,-ասում է Լյուդմիլան։

Նա չի ուզում, որ դուստրերը, որդին լքեն Հայաստանը, ինքն էլ չի ուզում Հայաստանից գնալ, բայց ստեղծված իրավիճակում լուծումներ չի տեսնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter