HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված 75 նստարանները տեռասային տախտակներից չեն. դրանք կփոխարինվեն

Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված 75 մետաղային հիմնակմախքով և տեռասային տախտակներով պատրաստված նստարանները չեն համապատասխանում տեխնիկական բնութագրով ներկայացված որակին և գնին։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեցին Վերահսկողության վարչությունից։

Հիշեցնենք՝ «Հետքը» պարզել էր, որ քաղաքապետարանի գնած նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, սակայն դրանք պատրաստվել են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել էր 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։

«Արտադրողի կողմից տրվել է տեղեկանք տախտակների մշակման փուլերի վերաբերյալ, սակայն տեղում ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ նստարանները և տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, իսկ տախտակի որակի վերաբերյալ տեղեկացնեմ, որ, համեմատելով ավելի ցածր գնով ձեռք բերված նստարանների փայտի որակը, կարող ենք փաստել, որ այն չի համապատասխանում մեր կողմից պահանջված որակին և գնին»,- նշեց Վերահսկողության վարչության պետը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերականգնվի համայնքին պատճառված վնասը կամ փոխարինվեն նստարանները։

«Մատակարարը գրավոր պարտավորություն է տվել, որ 20-օրյա ժամկետում թերությունները վերացվեն»,- հայտնեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, ես պետք է խնդրեմ, որ նման դեպքերը չարձանագրվեն համացանցում, որովհետև դուք՝ բոլորդ, ունեք աշխատակիցներ, և ենթադրվում է, պարոն Մխիթարյան, որ ինչ-որ աշխատակիցներ իրենց գործը լավ չեն կատարել, թերացել են, հետևապես համապատասխան կարգապահական տույժերի պետք է ենթարկվեն։

Նման գործելաոճն անընդունելի է մեզ համար։ Եթե Երևան քաղաքն ինչ-որ բանի համար վճարում է, երևանցիները վճարում են, էդ վճարմանը պետք է համապատասխանաբար պատասխանատվությամբ վերաբերվել, և բոլոր էն անձինք, չեմ ուզում կանխավարկած ունենալ, որ էդտեղ քրեական տարրեր կան, բայց, այնուամենայնիվ, նույնիսկ եթե դա անպատասխանատու վերաբերմունք է իրենց աշխատանքին, էդ մարդիկ պետք է մեզ հետ չաշխատեն»,- ասաց Ավինյանը։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter