
Թրամփի պնդմամբ՝ Բայդենը կարող է մինչև իր նախագահության ավարտը հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, մինչև իր նախագահական ժամկետի ավարտը, կարող է երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«10 ամիսը երկար ժամանակ է: 10 ամսում կարելի է հասցնել վնասել մեր երկրին, այդ թվում՝ երրորդ համաշխարհային պատերազմով։ <...> Հաշվի առնելով, թե ինչպես են զարգանում իրադարձությունները` մենք կավարտենք երրորդ համաշխարհային պատերազմը: Մարդը չի կարողանում երկու նախադասություն իրար կապել, և նա պատասխանատու է Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար: Մենք շատ վտանգավոր վիճակում ենք։ Վստահ եմ, որ մենք երբեք այսքան վտանգավոր վիճակում չենք եղել»,- Փենսիլվանիա նահանգի Հարիսբերգ քաղաքում հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով ԱՄՆ ազգային հրաձգային ասոցիացիայի միջոցառմանը։
Թրամփը իր աջակիցներին կոչ է արել «պայքարել հանուն Ամերիկայի»։ «2024 թվականին տեղի կունենա մեր վերջնական ճակատամարտը։ <...> Մենք կառավարությունից կհեռացնենք գլոբալիստներին, կոմունիստներին, մարքսիստներին, ֆաշիստներին։ Մենք կազատվենք հիվանդ քաղաքական դասից, որն ատում է մեր երկիրը»,- հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերին: 2023 թվականի ապրիլի 25-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ ձգտելու է վերընտրվել նախագահի պաշտոնում։ Հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփն էլ դեռ 2022 թվականի նոյեմբերին էր հայտարարել նախագահական մրցավազքի մեջ մտնելու մասին։ Նա համարվում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆավորիտը։
Լուսանկարը՝ David Swanson/Reuters
Մեկնաբանել