
«Երևանն ու Բաքուն պետք է համագործակցեն Մոսկվայի հետ, այլ ոչ թե ներգրավեն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին». ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: Այդ մասին ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նա հույս է հայտնել, որ «Երևանը կհասկանա դա» և գործի չի դնի արտատարածաշրջանային խաղացողներին։
«Հուսով ենք, որ Երևանում կգերակշռի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի ու Եվրամիության ներգրավմանն ուղղված ջանքերը»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։
Նրա խոսքով`«Վաշինգտոնի ու Բրյուսելի գործունեությունն ուղղված է նրան, որ Ռուսաստանին դուրս մղեն այս գործընթացից, ինչպես նաև կոտրեն ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում»: Բացի այդ, ՌԴ ԱԳ փոխնախարարը կարծում է, որ «Արևմուտքը ուզում է Ռուսաստանի հարևանությամբ անկայունության ևս մեկ օջախ ստեղծել»:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել